Հասարակական

Հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների շրջանում մինչև 80 տոկոս շրջանառվող շտամն «օմիկրոնն» է. նախարար

2 րոպեի ընթերցում

Հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների շրջանում մինչև 80 տոկոս շրջանառվող շտամն «օմիկրոնն» է. նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ախտանշաններն ավելի նման են հարբուխի ախտանշաններին՝ հազ, փռշտոց, նաև ջերմաստիճանի որոշակի բարձրացում, ուստի նման ախտանշաններ ունենալիս անհրաժեշտ է թեստավորվել:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Իհարկե մենք նկատում ենք ծանրության որոշակի թեթևացում հիվանդացածների շրջանում, եթե նույն այս թվերը մենք ունենայինք «դելտա» շտամի պարագայում, իսկապես համակարգի հոսպիտալացման աստիճանը և ծանրաբեռնվածությունն անհամեմատ ավելի մեծ կլինեին»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ հիվանդացության միջին տարիքը 47 տարեկանն է, նկատվում է տարիքի նվազում, իսկ «օմիկրոնով» մինչև 18 տարեկան երեխաներն են հաճախ հիվանդանում:

«Մեր մանկական բժշկական կենտրոններն այս պահին լարված ռեժիմով աշխատում են՝ պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են: Շատ դեպքերում, երբ դիմում են հիվանդանոց այլ խնդիրներով, հայտնաբերվում է նաև «օմիկրոն» շտամը»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` այս պահին հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների շրջանում մինչև 80 տոկոս շրջանառվող շտամն «օմիկրոնն» է, և պարզ է, որ գրանցվող մահերի մեջ էլ կան այս շտամով վարակվածներ:

«Միանշանակ չպետք է զգոնությունը թուլացնել և թեթև վերաբերվել այս շտամին»,- ասաց Ավանեսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում