Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

Շրջակա միջավայրի նախարարությունը օզոնաքայքայիչ նյութերի նվազեցմանը միտված նախագիծ է ներկայացրել

Շրջակա միջավայրի նախարարությունը օզոնաքայքայիչ նյութերի նվազեցմանը միտված 
նախագիծ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է օզոնաքայքայիչ մի շարք նյութերի ներմուծման եւ իրացման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը սահմանել 2 տոկոս՝ գործող օրենսդրությամբ օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման եւ իրացման համար սահմանված մեծություններին համապատասխան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի դրույքաչափերը: Այդ ապրանքների խմբում ներառված են նաեւ օզոնաքայքայիչ նյութերը: Օրենսդրական կարգավորումների շարունակական բարելավման արդյունքում նշված նյութերի (կամ դրանց մի մասի) ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արդեն իսկ արգելված է, հետեւաբար իրատեսական չի դրանց շրջանառության համար բնապահպանական հարկի սահմանումը: Չի կարգավորում այլ օզոնաքայքայիչ նյութերի հետ կապված հարաբերությունները, որոնք ներմուծվում են երկիր, ինչպես նաեւ չի անդրադառնում ներմուծվող հիդրոֆտորածխածիններին:

Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում ներկայացված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը, ինչպես նաեւ ապրանքների եւ/կամ դրանց խմբերի անվանումները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին եւ ապրանքների անվանումներին եւ/կամ դրանց խմբերին, ինչը կարող է թյուրըմբռնումների տեղիք տալ նշված ապրանքների ներմուծման գործընթացն իրականացնելիս:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել՝ լրացնելու այն տնտեսական նշանակությամբ իրավական գործիքները, որոնք կարող են նպաստել բնապահպանական խնդիրների մեղմմանը եւ դրանց լուծման արդյունավետությանը:

Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից դուրս բերել այն օզոնաքայքայիչ նյութերը, որոնց ներմուծումը Հայաստան արգելված է, ինչպես նաեւ լրացնել ցանկը ներմուծվող օզոնաքայքայիչ նյութերով եւ ֆտորացված այլ գազերով (հիդրոֆտորածխածիններ), որոնց ցանկը հաստատված է Կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N1368-Ն որոշմամբ: Ֆտորացված գազերի լիցենզավորման գործընթացն ուժի մեջ է մտել 2021 թվականի ապրիլի 19-ից՝ համաձայն ԵԱՏՀ 2021 թվականի մարտի 16-ի N 30 որոշման:

Նշված նյութերի ներմուծման եւ իրացման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը նախատեսվում է սահմանել 2.0 տոկոս՝ գործող օրենսդրությամբ օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման եւ իրացման համար սահմանված մեծություններին համապատասխան:

Միաժամանակ առաջարկվում է շտկել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը եւ ապրանքների եւ դրանց խմբերի անվանումները՝ դրանք համապատասխանեցնելով ԵԱՏՄ ԱԱ ծածկագրերին:

Նախագծի մշակման արդյունքում օրենսդրական կարգավորումները կհամապատասխանեն միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին, ինչպես նաեւ կամրագրվեն կարգավորումների համար անհրաժեշտ իրավական գործիքները:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգումների համապատասխանեցում ներպետական իրավական այն ակտերին, որոնք արդեն գործում են, ինչպես նաեւ միջազգային պարտավորություններից բխող նոր իրավակարգավորումների նախատեսում, ինչպիսիք են հիդրոֆտորածխածինների վերաբերյալ իրավակարգավորումները եւ կարգավորվող նյութերի դրույքաչափերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019-2020թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվել են մոտ 175 տոննա օզոնաքայքայիչ նյութեր եւ ֆտորացված այլ գազեր (հիդրոֆտորածխածիններ)՝ նախագծի ընդումնան արդյունքում հնարավորինս կնվազեցվի շրջակա միջավայրի եւ բնակչության կյանքի ու առողջության վրա վնասակար ազդեցությունը, հնարավորություն կստեղծվի նշված նյութերի վնասակար ազդեցության մեղմմանն ուղղելու նպատակով պետական բյուջեն համալրել լրացուցիչ ֆինանսական միջոցներով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]