Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Առաջին դեպքն է, երբ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի առաջին իսկ կետը հրապարակային է․ Ռուբինյան

Առաջին դեպքն է, երբ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի առաջին իսկ 
կետը հրապարակային է․ Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին նյարդայնացնում են ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարությունները, թե Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացները տեղի են ունենում գաղտնի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում Ռուբինյանն ընդգծեց, սա միակ դեպքն է, երբ սկսվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց, և այդ գործընթացի առաջին իսկ կետը հրապարակային է։

Ռուբինյանն ընդգծեց՝ մինչ այս պահը չի եղել մի իրադարձություն, որի մասին Հայաստանի ԱԳ նախարարությունը չի տեղեկացրել։

«Երբ ասում եք տեղի է ունենում գաղտագողի գործընթացներ, ինձ ամենաշատը սա է նյարդայնացնում, որովհետև, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք, ընդ որում՝ տարբեր ֆորմատներում։ Ի՞նչ եք կարծում, այդ ընթացքում քանի՞ տոկոսն է եղել գաղտնի և քանիսը բաց։ Ավելի շատ տոկոսը եղել է գաղտնի, քան բաց։ Օրինակ՝ նույն ֆուտբոլային դիվանագիտությունը, որի հրապարակային մասը սկիզբ է առել Սերժ Սարգսյանի օրոք։ Ըստ ձեզ, այդ գործընթացի ոչ հրապարակային մասը սկիզբ է Սերժ Սարգսյանի նախագահության օրո՞ք։ Ոչ, սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Հարց, արդյոք գաղտագողի գործընթացներ էին տեղի ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև և ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք չէր հայտարարվում գաղտնի բանակցությունների մասին, որովհետև այն ինչ հիմա դուք անում եք, ներողություն եմ խնդրում, երեսպաշտության տպավորություն է ստեղծում։ Այս գործընթացը միակ դեպքն է, երբ սկսվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց, և այդ գործընթացի առաջին իսկ կետը հրապարակային է»,- ասաց Ռուբինյանը։

Ռուբինյանը նշեց, որ ինքը հատուկ ներկայացուցիչ է, այլ ոչ թե հատուկ բանագնաց։

«Հատուկ ներկայացուցչը մեր դեպքում պաշտոն չէ, այլ գործառույթ է։ Այսինքն՝ ես չեմ նշանակվել որևէ պաշտոնի, ես ինչպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ եմ, այնպես էլ շարունակում եմ հանդիսանալ, բայց իրականացնում եմ հատուկ ներկայացուցչի գործառույթը, որը ինձ պատվիրակվել է հրապարակայնորեն, այդ թվում՝ փաստվել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության հայտարարությամբ։

Հաջորդը, հարցնում եք, թե ինչո՞ւ է բյուջեի հաշվին մեկնել, բա ինչո՞վ պետք է մեկնեմ։ Այսինքն՝ ինչ ծրարով պետք է փող ստանայի՞ և գնայի՞։ Բյուջեի գումարով եմ մեկնել։ Հարցնում եք, թե ինչո՞ւ եմ Ազգային ժողովի բյուջեով մեկնել։ Ի՞նչ է՝ Ազգային ժողովը մի կառույց է, որը պետության հետ կապ չունի՞։ Ազգային ժողովի նախագահը լիազորություն ունի ցանկացած պատգամավորի գործուղել որևէ վայր և դրա համար կան համապատասխան ընթացակարգեր, որոնք ապահովում են տոմսի գնումը, հյուրանոցը և այսպես շարունակ»,- եզրափակեց Ռուբինյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 14-ին հաղորդագրություն էր տարածել Մոսկվայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ։ «Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,- ասված էր հաղորդագրության մեջ։ Ավելի ուշ նույնաբովանդակ հաղորդագրություն էր տարածել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]