Գագիկ Բեգլարյանը և նրան փոխկապակցված անձինք ներկայացել են դատախազություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրան փոխկապակցված անձինք դեկտեմբերի 27-ին ներկայացել են դատախազություն:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Բեգլարյանին են փոխանցվել կատարված ուսումնասիրության նյութերը՝ դրանց ծանոթանալու և վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով:
Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։
Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ծանուցել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: