Հասարակական

Պատերազմի մարտահրավերներին արձագանքելու շրջանում սոցիալական մյուս ծրագրերը չեն տուժել. նախարար

3 րոպեի ընթերցում

Պատերազմի մարտահրավերներին արձագանքելու շրջանում սոցիալական մյուս ծրագրերը չեն տուժել. նախարար

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար 2021 թվականը եղել է հետպատերազմյան իներցիան հաղթահարելու, նոր ծրագրեր մեկնարկելու, բարեփոխումներ իրականացնելու ժամանակահատված: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն՝ ամփոփելով 2021 թվականի աշխատանքները:

«Շարունակում ենք արցախահայությանն ուղղված աջակցությունն ամենատարբեր ուղղություններով: Արձանագրենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեծամասամբ կարողացել է անդրադառնալ բոլոր մարտահրավերներին, կարողացել է մեղմել սոցիալական լարվածության մի շարք խնդիրներ՝ պայմանավորված պատերազմով: Պետք է անդրադառնալ այն փաստին, որ սոցիալական պաշտպանության ոլորտն այդ մարտահրավերներին արձագանքելու համատեքստում չի տուժել: Ավելին՝ ոչ միայն կարողացել ենք անդրադառնալ սոցիալական պաշտպանության ոլորտին, այլ նոր ծրագրերի ու բարեփոխումների սկիզբ դրել»,-ասաց նախարարը:

Ներկայացնելով պատերազմի հետևանքով Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախահայությանն ուղղված ծրագրերին՝ Նարեկ Մկրտչյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության հիմնական երաշխավորը: Պատերազմի ավարտից ի վեր Հայաստանի կառավարությունը իրականացրել է շուրջ երկու տասնյակ աջակցության ծրագրեր ուղղված Արցախին ու արցախահայությանը: Աշխատանքները եղել են տարբեր ուղղություններով՝ ֆինանսական աջակցություն, կացարանի տրամադրում, զբաղվածության ծրագրեր:

«Այս ծրագրերի շնորհիվ մենք կարողացել ենք հաղթահարել հետպատերազմյան ժամանակահատվածում եղած մարտահրավերները, լուծել արցախահայության մի շարք խնդիրներ: Ուրախությամբ կարող ենք ասել, որ մեր հայրենակիցների ավելի քան 80 տոկոսը վերադարձել է Արցախ: Նրանց մի մասը շարունակում է ՀՀ-ում մնալ ու լինել մեր ուշադրության կենտրոնում»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

Արցախահայությանն ուղղված սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն 2022 թվականի առաջին եռամսյակում՝ միևնույն ժամանակ խրախուսելով զբաղվածության ու աշխատանքի բաղադրիչը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում