Հասարակական

Ալեն Սիմոնյանը պնդում է, որ իր մասնակցությամբ տեսանյութը մոնտաժված է

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը պնդում է, որ իր մասնակցությամբ տեսանյութը մոնտաժված է

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ համացանցում տարածված տեսանյութը, որում ինքը խոսում է գերիների մասին, մոնտաժված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Նյութը մոնտաժված է: Խոսքը գնում է բանակցությունների մասին, տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին: Ես շատ ցավում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ներկայանում են որպես աջակից և խնդրում են մի քանի հարց տալ, ես իրենց հարցերին եմ պատասխանում, իսկ ընթացում նկատեցի, որ մի աղջիկ հեռախոսը պահել էր: Ես խնդրեցի չնկարահանել, քանի որ մենք զրույցի էինք բռնվել, որը ես չէի ուզում հրապարակային ասել, և դրա կարիքը չեմ տեսնում: Նա ասաց՝ «չէ, չէ, ինչ եք ասում»»,-մանրամասնեց Սիմոնյանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ նման իրավիճակներն օգտագործվում են ՀՀ շահերը հետ մղելու համար, այն բոլոր մարդիկ, որոնք նման բան են անում, պետք է գիտակցեն, որ կա քրեական պատասխանատվություն:

Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է նաև, որ Հայաստանի Հանրապետության բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, մեր հպարտությունն են, բայց կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ:

Համացանցում տարածվել էր գաղտնի արված տեսանյութ, որում Ալեն Սիմոնյանը ինչ-որ մեկի հետ զրույցի ընթացքում ասում է՝ «համարում եմ, որ գերիներն արդեն չկան, իմ համար չկան»: Ալեն Սիմոնյանն այդ զրույցի ընթացքում նաև նշել էր. «Գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը վայր են դրել, փախել և մոլորվել են»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում