Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում գնումների համակարգը կբարելավվի. Ֆինանսների նախարարությունը մշակում է հայեցակարգ

Հայաստանում գնումների համակարգը կբարելավվի. Ֆինանսների նախարարությունը 
մշակում է հայեցակարգ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2019 թվականին հանրային գնումների գործընթացում փոքր միջին բիզնեսի մասնակցության ցուցանիշը կազմել է 68.5 տոկոս: 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է շուրջ 63 տոկոս: Ցուցանիշները ներկայացված են ԱՄՆ ՄԶԳ փորձագետների կատարած ուսումնասիրությունում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարարության Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը նշեց, որ 2020 թվականին այս ցուցանիշի նվազման հիմնական պատճառը համավարակն է, պատերազմը: Դրանից բացի, 2019 թվականին կատարվել էին օրենսդրական որոշ փոփոխություններ, որոնց արդյունքում սահմանվել էին խստացումներ պայմանագրային գործընթացներն առավել պատշաճ կատարելու համար:

«Թեպետ 2020 թվականին հանրային գնումներում ՓՄՁ-ների մասնակցության նվազում կա, սակայն կարող եմ ասել, որ ունեցած ցուցանիշները համարվում են բարձր: 2021 թվականի ապրիլին կառավարության կողմից մինչ այդ սահմանված խստացումներն էականորեն թուլացվեցին փոքր և միջին բիզնեսի համար: Նախկինում եթե գնման առարկայի գինը գերազանցում էր 10 մլն դրամը, ներկայացնում էին գնի 100 տոկոսի չափով որակավորման ապահովումներ, ապա 2021 թվականի կարգավորումներով այդ շեմը 10 մլն-ից բարձրացվեց 25 մլն: Այսինքն՝ կարող ենք ասել, որ մինչ 25 մլն դրամի պարագայում բավական լիբերալ վիճակ է ստեղծված»,-ասաց Սերգեյ Շահնազարյանը:

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը վստահ է, որ 2022 թվականին, երբ կամփոփվեն 2021 թվականի տվյալները, հանրային գնումների գործընթացում փոքր, միջին բիզնեսի մասնակցության ցուցանիշը կլինի 2019 տվյալների նման, ինչու ոչ, մի բան էլ ավելին: Հատկապես, որ 2021 թվականին համավարակի հետ կապված լուրջ խնդիրներ չեն եղել և բոլորն ունեցել են ռեալ հնարավորություն աշխատելու: Սերգեյ Շահնազարյանի խոսքով, ընդհանուր առմամբ, հանրային գնումների գործընթացում փոքր ու միջին բիզնեսի մասնակցության տեսակետից բավական լավ վիճակ է: ԵՄ երկրների ցուցանիշների համեմատ, եթե Հայաստանը 18 երկրից հետ է, բայց 10 երկրից էլ առաջ է: Հայաստանի ցուցանիշն առաջ է նաև Ռուսաստանի տվյալներից: Այստեղ մասնակցությունը մոտ 55 տոկոս է:

Որպես ոլորտի խնդիր, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը մատնանշեց հանրային գնումների հետ կապված տեղեկատվության հասանելիության սահմանափակումը: Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, տեղեկատվությունը բաց է ու թափանցիկ, այն առկա է համակարգում, սակայն այստեղ պետք է ՓՄՁ-ների հետ աշխատանք տանել այդ տեղեկատվության հայթայթման կամ ավտոմատ եղանակով ստանալու հնարավորություններին լավ ծանոթացնելու ուղղությամբ:

«Ներկայում մշակվում է հայեցակարգի նախագիծ գնումների համակարգերում բարելավում իրականացնելու համար: Հայեցակարգի մի բաղադրիչն ուղղված է և՛ հանրային հատվածումների գնումների մասնագետների, և՛ բիզնեսի կարողությունների զարգացմանը: Այստեղ ես մի բաղադրիչի մասին նշեցի, բայց հայեցակարգը գնումների համակարգի բարելավման տարբեր ուղղություններին է վերաբերում: Մենք ախտորոշել ենք համակարգն, ունենք խնդիրներ, դրանք վերաբերում են ընթացակարգերի կազմակերպմանը,  ճկունության ապահովմանը, ժամկետների կրճատմանը և այլն»,-ասաց նախարարության ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ համակարգի բարելավման աշխատանքները շարունակական են բնույթ են կրում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]