Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Դպրոց ընդունվելիս առաջնահերթություն կտրվի նաև մոտ բնակվող երեխաներին

Դպրոց ընդունվելիս առաջնահերթություն կտրվի նաև մոտ բնակվող երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դպրոցները պետք է այնպիսի անհրաժեշտ պայմաններ ունենան, որ ծնողը ստիպված չլինի որակի համար երեխային տանել առավել հեռու դպրոց:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Նա տեղեկացրեց, որ նոր առաջարկվող փոփոխությունների համաձայն, դպրոց ընդունվելիս առաջնահերթություն է տրվելու նաև մոտ բնակվող երեխաներին:

«Դպրոց ընդունվելու ժամանակ ներկայում առաջնահերթություն ունեն տվյալ կրթական հաստատությունում քույր կամ եղբայր ունեցողները կամ եթե ընդունվողը տվյալ դպրոցի աշխատակցի երեխա է: Այժմ այդ առաջնահերթությունների ցանկն ավելացնում ենք: Օրենքի նախագծով առաջնահերթություն կտրվի դպրոցին մոտ բնակվող երեխաներին: Յուրաքանչյուր դպրոցում մենք պետք է ապահովենք կրթության այն նվազագույն որակն ու պայմանները, որ ծնողը ստիպված չլինի փնտրել և գտնել ավելի հեռու դպրոցներ: Իհարկե, կլինեն ծնողներ, որոնք տարբեր հանգամանքներից ելնելով, կնախընտրեն այլ տարբերակ, բայց հանրակրթության ընդհանուր զարգացումը պետք է ուղղված լինի նրան, որ մենք կրթության որակ ապահովենք բոլոր դպրոցներում»,- ասաց Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ երեխան պետք է հնարավորություն ունենա հաճախել իր տան մոտ գտնվող դպրոցը:

Ի՞նչ չափանիշներով է սահմանվելու դպրոցին մոտ բնակվելու հանգամանքը: Հարցին ի պատասխան  Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դրա համար նախատեսված են քաղաքաշինական նորմեր: Նախագծում սահմանված է հետիոտնային հասանելիության շառավիղ 500 մ-ի չափով, որի հիմքում քաղաքաշինական նորմերն են:  

Առաջարկվող փոփոխություններով դպրոց երեխաներին ընդունելու հարցում առաջնահերթություն կտրվի նաև պետական աշխատողների համար, որոնք երկրի ներսում գործուղվում են, օրինակ, մի մարզից մյուսը, առնվազն 6 ամիս տևողությամբ:

«Բազմաթիվ նման խնդիրներ էին առաջանում, բազմաթիվ դիմումներ էինք ստանում զինծառայողներից , որոնք ընտանիքներով տեղափոխվում են, և երեխաները, կապված որոշ սահմանափակումների հետ, չէին կարողանում ընդգրկվել դպրոցում: Մենք այս առաջնահերթությունը նույնպես սահմանել ենք նախագծում»,- ասաց նախարարի տեղակալը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am