Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի պարգևատրության ժամանակ կրած՝ Ռոբերտ Աբաջյանի նկարով շապիկը նվիրեց Զինվորի տանը

Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի պարգևատրության ժամանակ կրած՝ 
Ռոբերտ Աբաջյանի նկարով շապիկը նվիրեց Զինվորի տանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Զինվորի տանը նվիրեց Ռիոյի ՕԽ-ի ոսկե մեդալի պարգևատրման արարողության ընթացքում կրած շապիկը, որի վրա Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպմանը ներկա էին Ռոբերտ Աբաջյանի ծնողները, Արթուր Ալեքսանյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկորդ Արմեն Մուրադյանը: Վերջինս շեշտեց, որ հատկապես այսօր, երբ երկրի ինքնիշխան սահմանները Ադրբեջանի կողմից ոտնձգությունների են ենթարկվում, պետք է միասնական լինել:

«Թող սուրբ լինի բոլոր նրանց հիշատակն, ովքեր զոհվեցին, նահատակվեցին հանուն իրենց երկրի ազատության, անկախության և արժանապատվության: Ռոբերտ Աբաջյանի նման հերոսները թող լույս լինեն այս պայքարում և թող լույսերի մեջ մնան: Ռոբերտը մեզ համար օրինակ դարձավ`հայրենիքը սիրելու, ընկերներին սիրելու օրինակ»,-ասաց Մուրադյանը:  

Ռոբերտ Աբաջյանի հայրը` Ալեքսանդր Աբաջյանը նշեց, որ հայրենիքը շարունակելու է լինել իր հերոսներով: «Իր ծննդյան օրերին միշտ մի ինչ-որ շոր կամ այլ բան էի գնում, հիմա գիրքն է լույս տեսել և նաև այս կերպ, ինչ-որ բան եմ անում նրա համար: Ինչ էլ անեմ, մեկ է` քիչ է»,-ասաց նա:

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շեշտեց, որ իր խոնարհումն է բերում հերոսացած Ռոբերտի ծնողներին և մյուս զինվորներին, ովքեր ընկան հանուն հայրենիքի: «Անկեղծ ասած, այս շապիկն ուզում էի նվիրել Ռոբերտի ծնողներին, բայց տեսնելով այս սրահը, այն նվիրում եմ Զինվորի տանը»,-ասաց նա:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Նոյեմբերի 16-ը Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 25 տարեկան:

2016 թվականի ապրիլ ամսին Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս Ռոբերտ Աբաջյանի հետ միասին հակառակորդի դեմ համառ պայքար են տվել եւ հերոսաբար զոհվել վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը:

Միայնակ մնալով  թշնամու դեմ՝ կրտսեր սերժանտ  Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրել է իր վրա եւ միաժամանակ հեռախոսային կապի մեջ մնալով գումարտակի հրամանատարի հետ՝ հաղորդել է իրավիճակի մասին:  Տեսնելով իրեն մոտեցող թշնամուն` Ռոբերտ Աբաջյանը կրկին կապի է դուրս եկել ու ասել, որ վերջին նռնակի օղակն արդեն հանել  է եւ պատրաստ սպասում է, որ թշնամու մոտենալուն պես պայթեցնի:  Ռոբերտ Աբաջյանն իր հետ միասին  նռնակով  պայթեցրել  է հակառակորդի մի քանի զինվորի՝ միաժամանակ փրկելով օգնության հասած զինվորներին, որոնք էլ հենց շարունակել են արյան գնով դիրքը պաշտպանած հերոսների գործը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ  բարձրագույն կոչմամբ եւ «Ոսկե արծիվ» շքանշանով: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am