ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, հանդիպման սկզբում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ մարտավարական իրավիճակը:
«Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության, ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ կողմերը երկուստեք համոզվածություն են հայտնել, որ հնարավորինս շուտ կարելի է նվազեցնել սահմանային լարվածությունը և սկսել խաղաղ կարգավորման գործընթացը: