Կրթություն, ենթակառուցվածքներ, կառավարում. վարչապետը ՀԲ փոխնախագահի հետ քննարկել է գործընկերության առաջնահերթությունները
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին և նրա գլխավորած պատվիրակությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, որտեղ նշված է, որ վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, որի շրջանակում մեր երկրում իրականացվել և իրականացվում են տարբեր ոլորտների զարգացմանը միտված ծրագրեր:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով ուղենշված առաջնահերթություններ են կրթության, ենթակառուցվածքների, կառավարման ոլորտների բարեփոխումները, և հաշվի առնելով համատեղ աշխատանքի հաջող փորձը՝ գործադիրը կարևորում է ՀԲ հետ գործակցության խորացումն այս, ինչպես նաև՝ փոխշահավետ այլ ուղղություններով:
ՀԲ փոխնախագահը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ գործընկերության ընթացքից և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ նշանակվելու կապակցությամբ: Աննա Բյերդեն ընդգծել է, որ Բանկը ՀՀ կառավարության ծրագիրը գնահատում է որպես մարտահրավերներին դիմակայելու թիրախային ծրագիր և պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ նախանշված բարեփոխումները կյանքի կոչելու գործում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Համաշխարհային բանկ գործընկերության հեռանկարները:
Անդրադարձ է եղել կրթության, ենթակառուցվածքների, թվայնացման, առողջապահության, վերականգնվող էներգետիկայի և այլ բնագավառներում գործակցության զարգացման հեռանկարներին: Կարևորվել են հանրային կառավարման բարեփոխումները, ինստիտուցիոնալ կարողությունների և մարդկային կապիտալի զարգացմանը միտված ծրագրերը:
Կողմերը մտքեր են փոխանակել կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ հանրային իրազեկվածությունը մեծացնելու և գործընթացը խթանելու ուղղությամբ համագործակցության հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀԲ օժանդակությունը Հայաստանին Քովիդ-19 համավարակի դեմ պայքարում:
Վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը հանձնառու է բարեփոխումների օրակարգի հետևողական իրականացմանը և շնորհակալ է Համաշխարհային բանկին, կառույցի հայաստանյան գրասենյակին՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար: