Շուշիի հատվածում ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած անձը կփոխանցվի հայկական կողմին. Արցախի ՄԻՊ
2 րոպեի ընթերցում
![Շուշիի հատվածում ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած անձը կփոխանցվի հայկական կողմին. Արցախի ՄԻՊ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1068103.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի Շուշիի հատվածում նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին:Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար: Առաջիկայում կտրամադրեն հավելյալ տեղեկություններ»,- գրել է Ստեփանյանը:
Ավելի վաղ, Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում:
ԸՍՏ ԱԱԾ- հաղորդագրության` Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ: