Հասարակական

Նախարարը գործող օրենքով հիմնավորեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Պապիկյանի ընտրությունը

4 րոպեի ընթերցում

Նախարարը գործող օրենքով հիմնավորեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Պապիկյանի ընտրությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է՝ պարտադրված են եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնում ընտրել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի, քանի որ նախարարության ներկայացրած և ԱԺ-ից կողմից ընդունված օրենքի նախագիծը, որով հստակ ֆիքսվել էր, որ հոգաբարձուների խորհրդում չեն կարող լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, գործողության մեջ չի մտել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ընտրվելու թեմային:

Դումանյանը հիշեցրեց՝ կառավարությունը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծ, որտեղ հստակ գրված է, որ հոգաբարձուների խորհրդում չեն կարող լինել մարդիկ, որոնք զբաղեցնում են քաղաքական պաշտոններ կամ քաղաքական կազմակերպություններում ղեկավար պաշտոններ: Այդ օրենքն ԱԺ-ն ընդունել է, ՍԴ-ն կառավարչական մասի որոշ դրույթներ ճանաչել է հակասահմանադրական: «Մենք էլ ընդունեցինք՝ ի գիտություն, և հիմա արդեն շրջանառության մեջ է այդ երկու դրույթը՝ խմբագրված տարբերակով»,-ասաց նախարարը:

Այսպիսով` օրենքը չի մտել գործողության մեջ, որում ֆիքսվում էր, որ հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն քաղաքական դեմքեր: «Այդտեղ վիճարկվեց ոչ թե քաղաքական, այլ ուրիշ խնդիր՝ համամասնությունը: Այդ օրենքը, եթե լիներ, այսօր դուք քաղաքական դեմքեր չէիք տեսնի, ներկայացված օրենքում հստակ գրված է, որ չպետք է լինեն քաղաքական պաշտոններ զբաղեցնողներ»,-ասաց Դումանյանը:

Անդրադառնալով քննադատություններին, թե գործող իշխանությունն ինչ քննադատում էր, հիմա ինքն է անում՝ վստահեցրեց, որ այդպես չէ: «Մենք ստիպված ժամանակ չկորցնելու համար վերադարձել ենք գործող օրենքին, որը գործում էր մինչև այդ: Իսկ գործող օրենքում ասվում է 4 համամասնություն. 25 տոկոս՝ ուսանողներ, 25 տոկոս՝ պրոֆեսորադասախոսական կազմ և 25 տոկոս՝ լիազոր մարմին և 25 տոկոս՝ հիմնադիր: Հիմնադրի կողմից պետական պաշտոնյաներ են: Մենք հոգաբարձուների խորհրդի թվի քանակը մաքսիմալ նվազեցրեցինք»,-ասաց Դումանյանը:

Այսպիսով, նախարարի խոսքով, ստիպված գործում են այն օրենքով, կառավարության որոշումով, որն ընդունվել է 2005 թվականին, որտեղ հստակ նշված է, որ այսինչ համամասնությամբ պետք է լինի խորհրդի կազմը. արդյունքում՝ այնտեղ հայտնվել են պետական պաշտոնյաներ, քաղաքական դեմքեր:

«Հիմա հայտնվել ենք օրենսդրական տվյալ դաշտում, որտեղ պարտադրված ենք պետական պաշտոնյաներ նշանակել, որոնք բնականաբար քաղաքական առաջնորդներ են, տարբեր պաշտոններ ունեն քաղաքական դաշտում»,-ասաց Դումանյանը:

ԵՊՀ-ում նոյեմբերի 6-ին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում