Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

100 հատ 12 մետրանոց ավտոբուս կներկրվի Երևան. մայրաքաղաքում ներդրվելու է տրանսպորտային գործուն համակարգ

100 հատ 12 մետրանոց ավտոբուս կներկրվի Երևան. մայրաքաղաքում ներդրվելու է 
տրանսպորտային գործուն համակարգ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այս համաձայնագրով ֆինանսավորման շրջանակներում 100 հատ 12 մետրանոց ավտոբուս կներկրվի Երևան՝ հասարակական տրանսպորտի ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով։ Խորհրդատվական ընկերությանը պատվիրվել էր ուսումնասիրել Երևանի հանրային տրանսպորտի ցանցը, որի արդյունքում մշակվել է նոր տրանսպորտային ցանց։ Եվ առաջարկվել է այդ ցանցը գործարկելու համար գնել 845 հատ տարբեր չափի ավտոբուսներ։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ դեռ 2015 թվականից այս ուղղությամբ քննարկումներ են տեղի ունեցել։ Նախարարի խոսքով՝ ընդհանուր հաշվով բոլոր ավտոբուսները ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո։

«Այս համաձայնագրերը վերաբերում են ընդհանուր առմամբ 25 մլն եվրոյի, որից 20 մլն-ը վարկ է, 5 մլն-ը՝ դրամաշնորհ։ Խոսքը 100 հատ 12 մետրանոց ավտոբուսի ձեռքբերման մասին է։ Դրանք կոչվում են ցածրահատակ ավտոբուսներ, որոնք բավական լավ հարմարեցված են մեր բոլոր հայրենակիցների համար։ Դեռևս փետրվարին հայտարարվել է մրցույթ, և գործընթացը մրցութային փուլում է գտնվում։ Այսպիսով՝ երկու համաձայնագրեր են, մեկը վարկային, որը կնքվում է ՀՀ և ՎԶԵԲ-ի միջև, խոսքը 20 մլն եվրոյի մասին է՝ 15 տարի ժամկետով։ Եվ երկրորդ համաձայնագիրը դրամաշնորհային է, որը կնքվում է ՎԶԵԲ-ի, ՀՀ-ի և Երևանի ավտոբուս ՓԲԸ միջև։ Այսպիսով՝ կարող ենք ասել, որ սա կառավարութան հերթական խոշոր աջակցությունն է Երևան համայնքին, որպեսզի կարողանան տրանսպորտային ցանցի խնդիրները լուծել և ամբողջովին նոր ավտոբուսներով, նոր պարկով երթուղային ցանց ունենալ»,- ասաց Սանոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Երևանի ավտոբուսային պարկի պահանջարկն ավելին է։ «Եթե չեմ սխալվում, մոտ 700 ավտոբուսի անհրաժեշտություն կա Երևանում։ Եվ այստեղ գործ ենք ունենալու նաև մասնավոր հատվածի ներգրավման հետ, ամբողջ Երևանի տրանսպորտային համակարգն աշխատելու է համայնքային և մասնավոր տրանսպորտային ընկերությունների փոխգործակցությամբ։ Եվ աշխատելու է միասնական տոմսային համակարգով։ Այս որոշումներով մենք, իհարկե, հարցը կլուծենք միջնաժամկետում, բայց երկարաժամկետում պետք է կարողանանք արմատական լուծման հանգել։ Եթե մենք ուզում ենք ունենալ ժամանակակից, քաղաքակիրթ համակարգ, ավտոբուսների շահագործման ժամկետը, որպեսզի նրանք պատշաճ վիճակում լինեն, 10 տարի է։ Հիմա խնդիրը հետևյալն է՝ կառավարությունն այս վարկը վերցնում է, էլի միջոցներ կներդրվեն, և մենք կգնենք ենթադրենք անհրաժեշտ քանակի ավտոբուս։ Ըստ էության, 10 տարի հետո այդ ավտոբուսային պարկը թարմացնելու անհրաժեշտություն է լինելու, քանի որ ավտոբուսները մաշվում են։ Եթե այս վարկի գումարը կամ ինչ-որ մասը չի վերադարձվում, ստացվում է, որ կառավարությունը փողը ծախսում է, ավտոբուսները ձեռք է բերում, 10 տարի հետո էլի պետք է փող ծախսի, էլի ավտոբուսներ ձեռք բերի, հետո 10 տարի հետո էլի ավտոբուս ձեռք բերի։ Այսինքն՝ պետական պարտքով տրանսպորտային համակարգ աշխատեցնելու խնդիրն է ծագում։ Սա՝ որպես մեկնարկ, ընդունելի և հասկանալի է, բայց մենք պետք է ունենանք համակարգ, որ այս համակարգը նաև որոշակի եկամուտներ գեներացնի։ Այլապես կստացվի, որ մենք անընդհատ պարտք ենք վերցնում, որպեսզի տրանսպորտային համակարգ ունենանք»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս խնդիրն առաջադրել են Երևանի քաղաքապետարանին, որպեսզի ներդրվի գործուն համակարգ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]