1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Համապետական աշնանային ծառատունկի շրջանակում կտնկվի 260 հազար ծառ

Համապետական աշնանային ծառատունկի շրջանակում կտնկվի  260 հազար ծառ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում նոյեմբերի 14-ին կանցկացվի համապետական աշնանային ծառատունկ:  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրած ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Տիգրան Գեղամյանը նշեց, որ նախատեսվում է տնկել շուրջ 260 հազար ծառ, որից 200 հազարը «Հայանտառ» տնտեսության տարբեր մասնաճյուղերում, 50 հազարը տրամադրվելու է տարբեր տեղական ինքնակառավարման մարմիններին:

«Այս տարի նորամուծություն ենք կիրառելու, 10 հազար ծառ էլ տրամադրվելու է տարբեր կազմակերպությունների ու ընկերությունների: Նպատակը հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորումն է և շրջակա միջավայրի խնդիրների լուծման գործում քաղաքացիներին ներգրավվելն է: Մեր նպատակն է մասնավոր հատվածին ևս ներգրավել այս գործընթացում, իսկ ծառատունկի ընթացքում «Հայանտառ»-ի մասնագետները կլինեն իրենց կողքին, կուղղորդեն, տարածքներ կնախանշեն, որ ծառատունկն իրականացվի ճիշտ կերպով»,-ասաց Տիգրան Գեղամյանը:

Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը նշեց, որ արդեն մասնավոր հատվածից արձագանքներ կան: Մասնագետի խոսքով, լայնածավալ անտառապատման աշխատանքներն ուղղված են օդի աղտոտվածության, հողերի դեգրադացման, կլիմայի դեմ պայքարի խնդիրների լուծմանը: «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում արդեն նախորդ և այս տարի տնկվել է շուրջ 702 հազար 280 ծառ:

«Մինչ տնկելը, կատարվում են հողի նախապատրաստական աշխատանքներ, իրականացվում է տարածքի ցանկապատում: Մենք հիմնականում տալիս ենք փակ արմատային տնկիներ, որոնց կպչողականությունը, կարելի է ասել, 100 տոկոս է: Իհարկե, եղանակային պայմանների պատճառով, սելավների հետևանքով չեն կպնում, բայց  ասեմ, որ տարվա ընթացքում այդ բացը լրացվում է: Թեպետ, ասեմ, որ կպչողականության հետ կապված խնդիր հիմնականում ունենք Սյունիքում եղանակի չոր լինելու պատճառով, բայց, նորից եմ ասում, բացերը մենք հաջորդ տարի լրացնում ենք»,-ասաց Պավել Ցուգունյանը:

Ծառատունկին զուգահեռ «Հայանտառ»-ն ուշադրության կենտրոնում է պահում ապօրինի անտառահատումների խնդիրը: 2020 թվականին ապօրինի ծառահատումների քանակը եղել է 9 հազար 711, 2021 թվականի ընթացքում՝  9 հազար 86:

«Առաջիկայում մեր աշխատանքների հիմնական շեշտը դրվելու է անտառապահպանության վրա: Ներկայում նախատեսում ենք անտառային կոմիտեներում ստեղծել շուրջօրյա անտառային ծառայություն, ինչը մեծ առավելություն է: Փոքր մոբիլ խմբերը շուրջօրյա կաշխատեն: Դա կնպաստի անտառապահերի զգոնության բարձրացմանը և կօգնի փայտագողերին բացահայտելու գործում»,-ասաց Պավել Ցուգունյանը:

Պավել Ցուգունյանը նշեց, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ու իր հանձնարարությամբ անտառային տնտեսություններում իրականացվել են մանրամասն ստուգումներ, ամենաշատ անտառխախտումներն առկա են Հրազդանի, Թումանյանի անտառտնտեսություններում, Թթու ջուր-Արծվաբերդ հատվածում և այլն:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]