Ինձ մեղավոր եմ համարում, այդ թվում՝ բանակը 2018-ից հետո կոռումպացված տարրից չազատելու համար. Փաշինյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն է համարում պատերազմի արդյունքում ամենի մեղավոր ու պատասխանատու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանի հարցին, թե ո՞վ է ծանր ողբերգության, ողբերգական ծանր հետևանքներով ռազմական գործողության հիմնական պատասխանատուն և մեղավորը:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, իրեն մեղավոր համարու՞մ է:
Փաշինյանն արձագանքեց. «Ես այս ամբիոնից տասնյակ անգամ եմ հայտարարել, որ ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ես եմ, 100 անգամ եմ ասել»:
Պատգամավորն անդրադարձել էր նաև ուղիղ մեկ տարի առաջ ռուսական RBK ալիքին Փաշինյանի տված հարցազրույցում հայտնած տեղեկատվություններին: Փաշինյանը նշեց, որ բազմիցս տրվել են պարզաբանումներ: «Ես եղել եմ Ստեփանակերտում ու հրավիրել եմ խորհրդակցություն, լսել եմ մարդկանց կարծիքները, թե ինչ կարող ենք անել իրադրությունը փոխելու վերաբերյալ: Հնչել են առաջարկներ, դրանից հետո ես խնդրել եմ, հանձնարարել եմ, որպեսզի զինվորականները գնահատեն առաջարկներն ու կայացնեն որոշում և անեն առաջարկություն, թե ինչ է պետք անել: Զինվորականները քննարկել են, կայացրել են որոշում ու ինձ զեկուցել են որոշման ընթացքի մասին»,-ասաց նա՝ հավելելով, որ դա է կարճ պատմությունը:
Վարչապետն ընդգծեց՝ ինքը Լելե Թեփե անունը ոչ մի անգամ չի տվել, «Լելե Թեփե օպերացիա» հասկացություն չի եղել: «Այդ հետո է մտել պրոպագանդիստական նկատառումներով, թե իբր ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին կորցրել է Լելե Թեփեն, ինձ համար դա ունի քաղաքական նշանակություն, գնացեք Լելե Թեփեն վերցրեք, որ դիվիդենտ առաջանա: Դա կատարյալ անհեթեթություն է, այդպիսի խոսակցություն չի եղել»,-ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի՝ իրեն ուղղված «դավաճան և կապիտուլյանտ» որակումներին՝ Փաշինյանն ասաց, որ նրանց՝ ընդդիմադիրներին ավելի մեծ «դավաճան և կապիտուլյանտ» են համարում. «Ընտրությունների արդյունքները դրա մասին են վկայում: Եվ ձեր դավաճան ու կապիտուլյանտ լինելու մասին, կարծում եմ, առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներն կունենանք: Ես այո, ինձ մեղավոր եմ ճանաչում, այդ թվում՝ բանակը կոռումպացված տարրից չազատելու համար 2018 թվականից հետո»: