Քաղաքականություն

Լիտվան կարող է կարևոր դերակատարում ունենալ ԵՄ հետ ՀՀ-ի համագործակցության խթանման հարցում. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Լիտվան կարող է կարևոր դերակատարում ունենալ ԵՄ հետ ՀՀ-ի համագործակցության խթանման հարցում. Փաշինյան

ՎԻԼՆՅՈՒՍ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան Եվրամիությունում Հայաստանի առանցքային գործընկերներից է և կարող է կարևոր դերակատարում ունենալ ԵՄ հետ Հայաստանի երկխոսության և համագործակցության խթանման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարության ժամանակ:

Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ Լիտվա պաշտոնական այց կատարելու հրավերի, ինչպես նաև՝ ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար:

«Լիտվան Եվրոպական Միությունում մեր առանցքային գործընկերներից է, և ես բարձր եմ գնահատում այս հնարավորությունը՝ հանդիպելու Լիտվայի վարչապետի, նախագահի և խորհրդարանի նախագահի հետ՝ մեր երկկողմ օրակարգը քննարկելու, ինչպես նաև ԵՄ հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեսակետներ փոխանակելու համար: Հայաստանն ու Լիտվան կապված են բազմաթիվ թելերով: Ժողովրդավարական արժեքները և մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են ստեղծել ամենատարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության համար՝ »,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ այսօր երկու երկրների միջև կա չօգտագործված ներուժ՝ համագործակցությունը ընդլայնելու զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կանաչ տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի վերամշակման և արդյունաբերության ոլորտներում:

«Հայաստանը դինամիկ հարաբերություններ ունի Եվրոպական Միության հետ: Իսկ Լիտվան, որպես բարեկամ պետություն և Արևելյան գործընկերության աջակից, կարող է կարևոր դերակատարում ունենալ ԵՄ հետ Հայաստանի երկխոսության և համագործակցության խթանման հարցում»,-ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում