Հայաստանի 2022 թ. պետբյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլն 188.4 մլրդ դրամ. այն 2021-ի համեմատ ավելի է 18,2 տոկոսով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2022 թվականի պետական բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլն 188.4 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27,8 տոկոսը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում ներկայացնելով բյուջեի նախագիծը՝ նշեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ավելացնելով, որ սա 2021-ի համեմատ ավելի է 18,2 տոկոսով:
«2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսվող տնտեսական ենթակառուցվածքային, կրթական եւ սոցիալական միջոցառումներն ընտրվել են այնպես, որ հանրային ֆինանսական ռեսուրսների մասով առկա սահմանափակումների պայմաններում լավագույն միջավայր ստեղծել 2022-ին և հետագա տարիներին կառավարության կողմից սահմանված տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ունենալու թիրախին հասնելու համար:
Նախատեսվում է, որ 2022-ին Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.9 տոկոսային կետով ու կկազմի 23.4%: Պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի մոտ 3,2 տոկոսը՝ 242.2 մլրդ դրամ, իսկ պետական պարտքը 2022-ի տարեվերջին կկազմի ՀՆԱ-ի 60,2 տոկոսը:
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներին ուղղվող ֆինանսական միջոցները կարձանագրեն աննախադեպ աճ, դրանք 2022-ին կհասնեն ՀՆԱ 4,4 տոկոսի»,- ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ենթակառուցվածքների և տարածքային զարգացմանն ուղղվող ծրագրերի բյուջեով նախատեսված հատկացումների հանրագումարը կկազմի 288, 6 մլրդ դրամ, ինչը 2021-ի համեմատ ավելի է 31,6 տոկոսով: ԿԳՄՍ ոլորտներին տրամադրվող ֆինանսավորումը կկազմի 223,3 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 27,4 տոկոսով: Գիտության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանը հատկացվելու է 25,1 մլրդ դրամ, ինչը մոտ 83 տոկոսով ավելի է, քան հատկացվել է 2021-ի բյուջեով:
Սոցիալական ապահովության ծրագրերի համար հատկացված է մոտ 580 մլրդ դրամ, ինչը 2021-ի համեմատ ավելի է շուրջ 15 տոկոսով: 2022 թվականի բյուջեի եկամուտները սահմանվել են 1 տրլն 946.2 մլրդ դրամ: