Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բնակիչը կկարողանա իր գյուղում ԱՁ ձևավորել, գրանցել ամուսնությունը. նախարար

Բնակիչը կկարողանա իր գյուղում ԱՁ ձևավորել, գրանցել ամուսնությունը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վարչատարածքային բաժանման փոփոխությունների գործընթացի արդյունքում հետագայում բնակիչները կկարողանան իրենց գյուղերում մի շարք ծառայություններ ստանալ, ձևավորել ԱՁ, ՍՊԸ, գրանցել ամուսնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանում որևէ բնակավայր չի փակվելու: Որևէ բնակավայրի անուն կամ ցուցանակ չի փոխվելու: Այն բոլոր հարցերի համար, որ համայնքի բնակիչը գնում էր համայնքապետարան, շարունակելու է գնալ»,-ասաց Սանոսյանն ու հավելեց՝ պարզապես համայնքապետարաններում ավելի քիչ թվով մարդիկ են աշխատելու:

Նախարարի վստահեցմամբ՝ այդ գործընթացի շարունակությունը բերելու է նրան, որ ավելի շատ ծառայություններ են մատուցվելու տեղում, քան՝ հիմա կա: Խոսքը մոտ 60 պետական ծառայության մասին է:

«Համայնքների կենտրոնում ստեղծվում է քաղաքացիների սպասարկման գրասենյակ, որը բազմաթիվ ծառայություններ է մատուցում: Այդ գրասենյակն էլեկտրոնային կապով կապված է բոլոր բնակավայրերի համայնքապետարանների հետ: Քաղաքացին կարող է գնալ այնտեղ, կարգավորել իր խնդիրը: Այս գործընթացների արդյունքում կգա ժամանակ, որ մեր բնակիչը կկարողանա իր գյուղում իրավաբանական անձ ձևակերպել՝ ԱՁ, ՍՊԸ և այլն, կարող է իրենց գյուղում զագսավորվել, ստանալ կադաստրի վկայական և այլն»,-ասաց նախարարը:

Խոշորացման գործընթացը, սակայն, ենթադրում է որոշակի հաստիքների կրճատում: Օրինակ, 1700 մարդ կրճատվել կամ զրկվել է աշխատանքից 2016-2017թթ տեղի ունեցած խոշորացումների արդյունքում: Նախարարը նշեց, որ, սակայն, նրանցից 1200-ն աշխատում են: Այսինքն, որոշ հաստիքներ փակվել են, խոշորացված համայնքում են բացվել, կամ այլ նոր հաստիքներ են ի հայտ եկել: Ըստ նրա՝ երբեմն համայնքապետարանների հաստիքներն ուռճացված են:

«Համայնքապետարանում, օրինակ, մեկ ավել ոչ այդքան ծանրաբեռնված հաստիք կփոխարինվի մանկապարտեզում երաժշտության ուսուցչի կամ դաստիարակի հաստիքով, կամ՝ այլ աշխատատեղով, որը համայնքի կարիքից կամ շահից է բխում»,-ասաց նա:

Կան խոշորացված համայնքներ, որոնց միավորման արդյունքում հաստիքների քանակն ավելացել է, ոչ թե կրճատվել:

«Այնպես չէ, որ այս պրոցեսը համատարած մեծ սոցիալական խնդիր կառաջացնի»,-վստահեցրեց Սանոսյանը:

Կառավարության ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի 441 համայնքներ միավորել 37 համայնքային փնջերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]