Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պետք է ուժ գտնենք հաղթահարելու սխալների հետևանքները, ժամանակը հնարավորություններ է ընձեռում. Նախագահ

Պետք է ուժ գտնենք հաղթահարելու սխալների հետևանքները, ժամանակը 
հնարավորություններ է ընձեռում. Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է՝ պետականության ակունքները միասնության, ազգային համաձայնության մեջ են, նույնիսկ փխրուն համաձայնությունը կարող է դառնալ հաջորդ հաղթանակի բանալի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նախագահն այս մասին ասաց իր նստավայրում Անկախության տոնի առիթով տարբեր բնագավառների ներկայացուցիչներին պարգևատրելուց հետո իր ելույթում:

Դիմելով տարբեր ոլորտներում ունեցած ավանդի համար պարգևատրված անձանց՝ նախագահը նշեց. «Այդ պարգևները ունեն մեկ ընդհանրություն. դրանք հայրենիքի գնահատականն են»:

Նախագահը նկատեց՝ ցավոք դեռևս ոչ բոլոր արժանավորներն են գնահատվել հայրենիքին մատուցած իրենց ծառայությունների համար, սակայն հիշեցրեց Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի խոսքը. «Հայրենիքից նեղանալ չի կարելի»:

Սարգսյանը նշեց՝ մի քանի օրից արցախյան երկրորդ պատերազմի տարելիցն է: «Այսօր այստեղ ներկա են նաև հետմահու պարգևատրվողների ընտանիքների անդամները։ Բոլորս խոնարհվում ենք ձեր զավակների, ամուսինների, հարազատների հիշատակի և ձեր բոլորի առաջ»,- ասաց նա:

Նախագահը շեշտեց՝ անկախությունը ձեռք է բերվել հայ ժողովրդի հավաքական ջանքերով, բոլորի նվիրվածության ու միասնության շնորհիվ, որովհետև, տիրապետող է եղել ազատ և անկախ հայրենիք ունենալու մեծ գաղափարը: «Անկախ Հայաստանը 30 տարեկան է: Անցած 30 տարիներից յուրաքանչյուրը եղել է յուրատեսակ փորձության տարի: Վերջին մեկ տարին ամենածանրն էր իր հետևանքներով, խնդիրներով, կորուստներով և վերքերով»,- ասաց նա:

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Նախագահը նշեց՝ պատերազմից մեկ տարի անց, զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ, սահմանային և այլ բազմաթիվ չլուծված խնդիրներ: «30 տարվա ընթացքում մենք սովորել ենք հաղթել, 30 տարվա ընթացքում ունեցել ենք շատ, բազմաթիվ հաղթանակներ, 30 տարվա ընթացքում ունեցել ենք և տոնել ենք մեծ հաղթանակ, սակայն այդ տարիներին հաջողությունների կողքին, դրանց հետ մեկտեղ, նաև սխալներ են թույլ տրվել: Մենք պետք է ուժ գտնենք հաղթահարելու դրանց հետևանքները: Ժամանակը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում: Պետք է կարողանանք արդյունավետ տնօրինել այդ ժամանակը»,- ասաց Սարգսյանն ու հավելեց՝ պարգևատրվածները հենց այն անձինք են, որոնք կարողացել են ճիշտ տնօրինել ժամանակը, այն ծառայեցնել հայրենիքին ու ժողովրդին:

Սարգսյանը շեշտեց՝ երբեք չպետք է դադարել մտածել անկախության և պետականության մասին, միշտ պետք է ունենալ պետական մտածողություն: «Պետականության ակունքները միասնության, համերաշխության և ազգային համաձայնության մեջ են: Նույնիսկ երբ այդ համաձայնությունը փխրուն է, այդ փխրուն համաձայնությունը կարող է դառնալ հաջորդ հաղթանակի բանալին»,- եզրափակեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]