Ոչ մեկի մտքով չանցնի, որ մենք «փողկապավոր ընդդիմություն» ենք դարձել. «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը վստահեցնում է, որ իրենք փողոցային պայքարից չեն խուսափելու և փողկապավոր ընդդիմություն չեն դարձել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին:
Լրագրողը հիշեցրեց՝ «Պատիվ ունեմ»-ը ընտրություններին մասնակցել և խորհրդարան էր եկել՝ երկիրը փրկելու առաքելությամբ, հարցրեց՝ ո՞նց և ե՞րբ են փրկելու:
«Ամեն օր բոլոր հնարավոր միջոցներով: Ոչ մեկի մտքով չանցնի, որ մենք փողկապավոր ընդդիմություն ենք դարձել, որը փողոցային պայքարից խուսափելու է: Ինչ հնարավորություն լինի, ԱԺ հարցապնդումից մինչև հերթական բուհի կամ վարչատարածքային միավորի գրասենյակի կամ փողոցի գրավումը, փակումը և ակցիան օգտագործվելու է»,-պատասխանեց Մամիջանյանը:
Իսկ, թե ե՞րբ են դա անելու, ասաց՝ երբ այդ հարցը տվողները շատանան: