Հասարակական

ԿԳՄՍ նախարարությունն ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուշագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունն ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված հոգեբանական տարրական աջակցության ոլորտում ուսուցիչների կարողությունների զարգացմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փաստաթուղթը կնքվել է նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև միջազգային համագործակցության շրջանակում։ Նպատակն է ուսուցիչների կարողությունների զարգացման միջոցով բարելավել հոգեբանական տարրական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի սահմանամերձ համայնքներում:

Ծրագիրը կիրականացվի վերապատրաստման դասընթացների միջոցով, որոնց կմասնակցեն սահմանամերձ համայնքների դպրոցներից ընտրված ուսուցիչներ

Հուշագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք գործողություններ, մասնավորապես՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի աջակցությամբ կազմակերպել ՀՀ Սյունիքի, Տավուշի և Երևանի համապատասխան մասնաճյուղերի անձնակազմի անդամների ընտրություն՝ դասընթացավարների վերապատրաստմանը մասնակցելու և այլ ուսուցիչների համար հետագայում համանման դասընթացներ վարելու համար։ Բացի դրանից՝ կողմերը կիրականացնեն փորձնական վերապատրաստումներ հինգ սահմանամերձ համայնքների դպրոցներում, ինչպես նաև վերապատրաստման դասընթացների բովանդակության և նյութերի ներդրում ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրերում։

Համաձայն հուշագրի՝ ԿԳՄՍ նախարարությունը կիրականացնի դասընթացի փորձաքննություն և երաշխավորման գործընթաց, իսկ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ մշտադիտարկում և վերապատրաստման դասընթացների արդյունքների վերլուծություն՝ հետագայում դրանց հնարավոր բարելավման նպատակով։

Դասընթացները կտևեն օգոստոսից մինչև դեկտեմբեր ամիսը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում