Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախի նախագահը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում սկսել և ավարտին հասցնել Պատարայի ջրամբարի կառուցումը

Արցախի նախագահը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում սկսել և ավարտին 
հասցնել Պատարայի ջրամբարի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 16-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման խնդիրներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ջրամատակարարման համակարգում խափանումների պատճառների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան կառույցների ղեկավարներն ու փորձագետները։ Մասնավորապես նշվել է, որ  իրավիճակը պայմանավորված է նախորդ տարիների համեմատ տեղումների քանակի, հետևաբար և ջրային ռեսուրսների նվազմամբ, ինչպես նաև՝ 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով մայրաքաղաքի բնակչության կտրուկ աճով։ Նախագահը շեշտել է, որ հանրապետությունն այս օրերին պայքարում է բնական աղետի դեմ, և ստեղծված իրավիճակում ջրամատակարարման հարցի շուրջ բոլոր քաղաքական շահարկումներն անհիմն են ու  անընդունելի: 

Վերջին օրերին Ստեփանակերտի ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկուցել են  ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սամվել Ղուլյանը, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը։ Նշվել է, որ  արդեն իսկ դադարեցվել է մայրաքաղաքում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրամատակարարումը, Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ ջրազուրկ թաղամասերում տեղադրվում են ջրի բաքեր, ինչպես նաև՝ ջրատարներով և հրշեջ մեքենաներով խմելու ջուր է հասցվում բնակչությանը։

Որպես ժամանակավոր լուծում, երկրի ղեկավարը հանձնարարել է համապատասխան մարմինների ղեկավարներին առաջիկա օրերին ավելացնել տեղադրվող ջրի բաքերի քանակը և խմելու ջրի մատակարարման  ծավալներն ու հաճախականությունը, ինչպես նաև օգտագործել նախկինում շահագործված արտեզյան ջրհորների վերագործարկման և նոր ջրհորների կառուցման բոլոր հնարավորությունները։ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ, ընթացիկ աշխատանքներին զուգահեռ,  անհրաժեշտ է արագ տեմպերով մշակել երկարաժամկետ համապարփակ լուծումներ հետագա տարիների համար։ Այս ուղղությամբ նախագահը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում սկսել և ավարտին հասցնել Պատարայի ջրամբարի, ինչպես նաև՝ Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցումը։ Պատարայի ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա ապահովագրել  մայրաքաղաքի  շուրջօրյա ջրամատակարարման  համակարգը, ինչպես նաև՝ կլուծվի Ասկերանի շրջանի մի շարք համայնքների խմելու և ոռոգման ջրի հարցը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am