Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեր երազանքներն այս անգամ ոսկյա չէին. Օլիմպիական խաղերի ամփոփում. Լրագրողի օրագիր (Մաս 3)

Մեր երազանքներն այս անգամ ոսկյա չէին. Օլիմպիական խաղերի ամփոփում. 
Լրագրողի օրագիր (Մաս 3)

ՏՈԿԻՈ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական թիմը, 17 մարզիկով մասնակցելով Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին, նվաճեց 4 մեդալ, որոնցից ոչ մեկը ոսկի չէր:

Ինչո՞ւ ոսկի նվաճել չհաջողվեց:

Նրանք, ովքեր մեզ համար Խաղերի մեկնարկից առաջ ոսկու հավակնորդներ էին, կարողացան նվաճել մեդալ, բայց միայն արծաթե:

Օլիմպիական թիմում ոսկու ամենամեծ հավակնորդների մեկը ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն էր: Եվ հանուն արդարության, Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ նույնիսկ ուզբեկները նրան ավելի մոտ էին համարում ոսկուն, քան իրենց իսկ մարզիկին: Արդեն երկրորդ Օլիմպիական խաղերն են, որ Մարտիրոսյանը ոսկին զիջում է Ուզբեկստանը ներկայացնող ծանրորդին: Այստեղ` Տոկիոյում, օգոստոսի 3-ը բարդ ու դժվարին ստացվեց: Նույն օրը, գրեթե նույն ժամին, պայքարի մեջ մտան Արթուր Ալեքսանյանը և Սիմոն Մարտիրոսյանը:

Սիմոնը նախորդ Օլիմպիական խաղերին մասնակցեց 19 տարեկանում, և այդ ժամանակ օլիմպիական արծաթն իսկապես մեծ ձեռքբերում էր: Նրանից հետո մեր ախորժակը բացվեց, և 4-5 տարի շարունակ մենք Մարտիրոսյանին էինք տեսնում՝ որպես ՕԽ ոսկու հիմնական հավակնորդ: Ի՞նչը խանգարեց նրան. իր ելույթից հետո Տոկիոյում լրագրողների հետ զրույցում Սիմոնն ընդունեց, որ ավելորդ քաշ է ունեցել և միայն վերջում է քաշը գցել, ինչի արդյունքում նաև թույլ էր զգում իրեն: Հաջորդ Խաղերը սարերի հետևում չեն, հաջորդ խաղերին Սիմոնն այլևս իր ուժերի ծաղկման փուլում չի լինելու, ինչը ստիպում է ենթադրել, որ այս ամենը իրեն` Սիմոնին և մարզչական շտաբին լուրջ և խորը վերլուծություն անելու առիթ կտա նմանատիպ սխալներ չանելու համար: Գուցե այդ ժամանակ մենք Մարտիրոսյանի վզից կախված կտեսնենք այն ոսկին, որին նա այդքան ձգտում է:

Արթուր Ալեքսանյանն այն բացառիկ մարզիկներից է, որն ունի Օլիմպիական խաղերի բոլոր մեդալները` ոսկի, արծաթ և բրոնզ: Ոչ բոլորին է հաջողվում երեք Օլիմպիական խաղերի մասնակցելով մեդալ նվաճել: Սա մեծ ձեռքբերում է, որի մասին մոռանալ պետք չէ: Մինչ խաղերի մեկնարկը մեր հարցազրույցներից մեկի ժամանակ Ալեքսանյանն ասաց, որ կարիերայի ավարտը սարերի հետևում չէ, բայց ինքն ուզում է հեռանալ սպորտից մեծ և տպավորիչ նոտայով: Սա ենթադրել է տալիս, որ Ալեքսանյանը դեռևս կմնա մեծ սպորտում և գուցե մասնակցի առաջիկա աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:

Հայաստանի օլիմպիական թիմում կա մի բրոնզե մեդալ, որը ոսկուց էլ թանկ է՝ Արթուր Դավթյանի բրոնզե մեդալը: Այն ավելին է, քանի պարզապես մեդալը, այն տարիների ջանասեր, նվիրված, անձնվեր աշխատանքի, անսպառ հավատի և ինքնակայացման մեդալ է: Հայաստանի մարմնամարզության հավաքականի պայմանները չես համեմատի ոչ ծանրորդների, ոչ ըմբիշների ունեցածի հետ: Ազարյանի մարզադպրոցն անգամ մոտ չէ նորմալ մարզադահլիճին, ուր մնաց թե միջազգային ստանդարտները: Բայց Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականի տղաները մի քանի տարի շարունակ լուռ և համբերատար պայքարում են «իրենց տեղն արևի տակ» ունենալու համար: Հիմա, երբ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն է, ժամանակն է մարմնամարզիկներին առանձնակի ուշադրություն հատկացնելու: Հաջորդ Օլիմպիական խաղերում Հայաստանը նորից կունենա մասնակից մարմնամարզությունից, բայց հուսով ենք, որ այդ մասնակիցը մարզվելու առավել լավ պայմաններ կունենա, քան Դավթյանին էին:

Եվ իհարկե, Հովհաննես Բաչկովը, ով այն քիչ մարզիկներից է, որ տարիներ շարունակ պարտություններից հետո չկանգնեց, այլ քայլեց ու քայլեց: Նա հասկացել է մի պարզագույն ճշմարտություն և առաջնորդվում է դրանով` ջանասեր աշխատանքը միշտ էլ վարձատրվում է: Հովհաննեսն արժանի էր անգամ եզրափակիչում մրցելուն, սակայն այսքանով գուցե ավարտվի նրա ուղին օլիմպիական ընտանիքում, քանի որ նա սկսել է իր ուժերը փորձել պրոֆեսիոնալ ռինգում:

Հիմա կգանք տուն, շունչներս տեղը կբերենք և օրեր, գուցե շաբաթներ անց կսկսենք նախապատրաստվել մեր հաջորդ Օլիմպիական խաղերին, որպեսզի այնտեղ ունենանք ոսկի: Իսկ դրա համար պետք է սկսել փոփոխություններից՝ փոփոխություններ մարզչական շտաբերում, մեր մտածելակերպում և աշխարհընկալման մեջ: Քանի որ հաջորդ խաղերին մնացել է ոչ թե 4, այլ 3 տարի: Մեզ նման երկրներին աշխարհին ներկայացնելու ամենաարագ միջոցը սպորտն է: Ժամեր անց Տոկիոյում կմարվի Օլիմպիական խաղերի կրակը, ոմանք կլքեն Ճապոնիան նոր ձգտումներով լի, ոմանք գլխիկոր կհեռանան, բայց նրանցից յուրաքանչյուրի համար վաղը մի հնարավորություն ու սկիզբ է ինքնաճանաչման և նոր երազանքներ կառուցելու համար:

 

Տոկիոյից
Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]