Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Ալեն Սիմոնյանն անջատեց ԱԺ ամբիոնից վարչապետին անունով դիմած և որակում տված պատգամավորի խոսափողը

Ալեն Սիմոնյանն անջատեց ԱԺ ամբիոնից վարչապետին անունով դիմած և որակում 
տված պատգամավորի խոսափողը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անջատեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսափողը, որն ամբիոնից իր ելույթում վարչապետին 3 անգամ դիմեց անունով և տվեց որակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ օգոստոսի 6-ի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու իրենց նախագծի առնչությամբ իր ելույթում վարչապետին դիմեց անունով՝ ասելով «Ձեր Նիկոլը…»:

Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հորդորեց վարչապետին անունով չդիմել, կոռեկտ արտահայտվել գործընկերների նկատմամբ, երկրի ղեկավարության նկատմամբ:

Այս դիտարկումից հետո Մկրտչյանը անմիջապես կրկին վարչապետին անունով դիմեց: Հակոբ Արշակյանը հայտնեց, որ նկատողություն է հայտարարում՝ զգուշացնելով, որ հաջորդիվ զրկվելու է ձայնի իրավունքից:

Մկրտչյանը պնդեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքում «պատգամավորին նկատողություն անել» արտահայտություն գոյություն չունի: Դրանից հետո Մկրտչյանն իր ելույթում կրկին վարչապետին դիմեց անունով՝ տալով նաև որակում (կապիտուլյանտ):

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քարտուղարությանը հորդորեց անջատել ելույթ ունեցող պատգամավորի խոսափողը: «Այս 3-4 օրվա ընթացքում չի եղել նման դեպք, որ պատգամավորն իրեն թույլ է տվել Ձեր բառապաշարը: Ես Ձեզ արգելում եմ այստեղ այդ բառապաշարով խոսել: Ես Ձեզ կարող եմ նույնիսկ դահլիճից դուրս հրավիրել և չթողնել»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց՝ աչքի ընկնելու այլ ձևեր կան:

ԱԺ նախագահը հայտնեց, որ անջատել է պատգամավորի խոսափողը ԱԺ կանոնակարգ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն: Նա հորդորեց պատգամավորին լքել ամբիոնը, սակայն պատգամավորը դեռ շարունակում էր խոսել՝ անջատված բարձրախոսով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am