Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Սեպտեմբեր

Հայաստանում 2021թ. հունիսին արձանագրվել է 0.8% գնանկում. ԿԲ

Հայաստանում 2021թ. հունիսին արձանագրվել է 0.8% գնանկում. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ. օգոստոսի 3-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կենտրոնական բանկին:

2021թ. հունիսին արձանագրվել է 0.8% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 6.5%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս շարունակել է արագանալ՝ հունիսի վերջին կազմելով 7.8%։

2021թ. երրորդ եռամսյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում, ԿԲ կանխատեսումներին համահունչ, շարունակվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի արագ տեմպերով աճը: Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի լայնամասշտաբ կիրառման պայմաններում համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումներով պայմանավորված՝ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր: Նշված զարգացումների, ինչպես նաև մի շարք ժամանակավոր գործոնների պայմաններում գործընկեր երկրներում դիտարկվում են սպասվածի համեմատ գնաճի ավելի բարձր մակարդակներ։ Այս իրավիճակում ԿԲ Խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է ակնկալել հիմնականում գնաճային ազդեցություն:

2021 թվականի ընթացիկ զարգացումների համաձայն ՀՀ տնտեսական ակտիվության տեմպերը որոշակիորեն գերազանցում են սպասումները՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելի դրական զարգացումներով։ Համախառն պահանջարկը ևս վերականգնվում է արագ տեմպերով, որին շարունակում են մեծ նպաստում ունենալ մասնավոր սպառման աճի պահպանվող բարձր տեմպը, արտերկրից դրամական փոխանցումների սպասվածից մեծ ծավալները, ինչպես նաև արտաքին  պահանջարկի արագ աճը։ Վերջինս արտահայտվում է նաև ՀՀ արտաքին հաշվեկշռի շարունակական բարելավմամբ։ Պահանջարկի նշված գործոնների զարգացումները հիմնականում նախանշում են գնաճային ազդեցությունների պահպանման մասին:  

Հաշվի առնելով արտաքին հատվածում և ՀՀ տնտեսությունում սպասվող մակրոտնտեսական զարգացումներն ու դրանցից ածանցվող գնաճային ազդեցությունները՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարում շարունակել քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը։ Միևնույն ժամանակ, Խորհուրդը, հետևողական լինելով ներքին պահանջարկի ավելացմանը զուգահեռ գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացմանը, դիտարկում է առաջիկայում դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը  հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]