Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Տոկիո-2020. Այս Խաղերն առանց երկրպագուների կարծես ոգեզուրկ լինեն. Կարեն Գիլոյան  

Տոկիո-2020. Այս Խաղերն առանց երկրպագուների կարծես ոգեզուրկ լինեն. Կարեն 
Գիլոյան

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով, Տոկիոյի Օլիմպիական խաղերն առանց երկրպագուների կարծես ոգեզուրկ լինեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նախարարի տեղակալը շեշտեց, որ ընդհանուր առմամբ այս Օլիմպիական խաղերում շատ լուրջ ուշադրություն է դարձվում համաճարակային կանոններին, մասնակիցներից անընդհատ թեստեր են վերցվում: «Կազմակերպչական առումով հիանալի պատրաստված է. Ճապոնական բոլոր կառույցները կազմ ու պատրաստ են, ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա է, բայց որ երկրպագուներ չկան, ամեն ինչ կարծես ստվարաթղթե լինեն այս խաղերը: Այս Խաղերն առանց երկրպագուների կարծես ոգեզուրկ լինեն: Դա է միակ թերությունը, որի պատճառով տուժում է Խաղերի դիտարժանությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով հայ մարզիկների մինչ այս գրանցած արդյունքներին` Գիլոյանը, մասնավորապես, շեշտեց. «Մեր մարզիկներից Ֆերդինանդ Կարապետյանը պարտավոր էր ավելի լավ հանդես գալ. նրանից լուրջ սպասելիքներ ունեի և ամենևին գոհ չեմ նրա ելույթից, Կորյուն Սողոմոնյանից էլ կարելի էր ավելի լավ ելույթ ակնկալել, սակայն նրա մրցակիցն ուժեղ էր: Այսօր մրցահարթակ դուրս եկած Իզաբելա Յայլյանը լուրջ հնարավորություն բաց թողեց ձեռքից Օլիմպիական մեդալ նվաճելու, և դա իսկապես սենսացիա կլիներ: Պետք էր 97 կգ բարձրացնել, իսկ հետո 120 կգ, և ամեն բան լավ կլիներ: Շատ գոհ եմ Արթուր Դավթյանից, նա շատ լավ հանդես եկավ հենացատկում, իհարկե, նժույգ թափերում էլ վատ ելույթ չունեցավ, բայց այստեղ մրցակիցներն ավելի ուժեղ էին: Այդ պատճառով նա նժույգ թափերի եզրափակիչ չմտավ: Հիմա կարևորն այն է, որ հենացատկի եզրափակիչում նա հանդես գա այնպես, ինչպես որակավորման փուլում էր, և Արթուրը չեմպիոն կդառնա: Մյուսները դեռ ասպարեզ չեն մտել: Շատ գոհ եմ նաև Բաչկովից, լավ աշխատեց, մյուսների ելույթներին էլ դեռ սպասում ենք»,- ասաց նա:

Մինչ այս ելույթ ունեցած մարզիկներից հրաձիգ Էլմիրա Կարապետյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը և ընդհանուր պայքարում գրավեց 18-րդ տեղը: Որակավորման փուլում պարտություն կրեց 73 կգ քաշային ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, որը զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսայ Սմագուլովին: Մեկնարկային մենամարտում պարտություն կրեց նաև 52 կգ քաշային բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը. նա պարտվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջալալ Յաֆային:  Ծանրորդ Իզաբելա Յայլյանը 59 կգ քաշային կարգում երկամարտի 205 կգ արդյունքով 7-րդն է: Լողորդ Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]