Ծանրորդների նոր մարզագույքը կծառայի երկար, այն նոր մեդալներ կբերի. թիմը սկսել է մարզումները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները և մարզչական շտաբը վստահ են, որ նոր մարզագույքը կնպաստի մեդալների քանակի ավելացմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աբովյանի մարզաբազայում կայացած բաց մարզմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Նախարար Դումանյանը հույս հայտնեց, որ այդ կերպ նախարարությունը նպաստեց մարզիկների լիարժեք մարզմանը:
Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, մասնավորապես, փաստեց. «Մարզագույք տրամադրվել է նաև մարզադպրոցներին, որոնք իսկապես հավաքականի անդամներ են պատրաստում: Վեց հավաքածու ուղարկվել է Գյումրի, մի քանի մարզադպրոցների»:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը վստահեցրեց, որ մարզագույքը կօգտագործվի 30 տարուց ավելի: «Դիմեցինք վարչապետին, ինքն էլ օգնեց մեզ՝ ապահովելով մարզագույքով, որը միջազգային ստանդարտներին համապատասխան է: Այն դեռ երկար կծառայի հավաքական թիմերին»,-ասաց Ալավերդյանը:
Ծանրամարտի ընտրանու մարզիչ Վիգեն Խաչատրյանը ևս վստահեցնում է, որ նոր մարզագույքն ավելի շատ մեդալներ կբերի մեր երկրին: «Այս նոր մարզագույքով տղաներն առավել հարմարվետ են մարզվում, քանի որ առաջ մերը տարբերվում էր այն մարզագույքից, որն օգտագործում էին միջազգային մրցաշարերում»,- շեշտեց մասնագետը:
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանի կարծիքով,այս ծանրաձողերը որակապես շատ տարբեր են իրենց նախորդ ունեցածից: «Մեզ համար առավել կարևոր է, որ լավ մարզագույք ունենանք, այդ կերպ ավելի բարձր արդյունքներ կգրանցենք»,-ասաց նա:
Այժմ Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանի մարզաբազայում: Հայաստանի երկու ծանրորդները հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը կմասնակցեն Օլիմպիական խաղերին (Սիմոն Մարտիրոսյան` 109 կգ և Իզաբելա Յայլյան` 59 կգ):
Հավաքականը հոկտեմբերին կմասնակցի նաև աշխարհի առաջնությանը: