Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՍԴ-ն քաղաքական ուժերի որոշ միջնորդություններ մերժեց, որոշների քննարկումն էլ հետաձգեց

ՍԴ-ն քաղաքական ուժերի որոշ միջնորդություններ մերժեց, որոշների քննարկումն էլ 
հետաձգեց

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը որոշեց հետաձգել քաղաքական ուժերի` որոշ դեպքերում տարբեր կառույցներից տարբեր տեսակի տեղեկություններ ստանալու մասին որոշ միջնորդությունների քննարկումը. միջնորդությունների մի մասն էլ դատարանը մերժեց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ քաղաքական ուժերի ներկայացուցիչները պնդեցին իրենց ներկայացրած միջնորդությունները:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը  ներկայացրեց դատարանի որոշումը միջնորդությունների վերաբերյալ: Նա նշեց, որ «Զարթոնք» կուսակցությունը պահանջել էր տեղեկատվություն ԱԱԾ-ից, թե ընտրությանը մասնակցած քաղաքացիներից յուրաքանչյուրը երբ է լքել ՀՀ պետական սահմանը և երբ է վերադարձել, ինչպես նաև ներկայացնել այն քաղաքացիների քանակը, որոնք ստորագրել են ընտրական ցուցակներում, սակայն ՀՀ-ում չեն գտնվել: Կուսակցությունը ՊԵԿ-ից և վարչապետի աշխատակազմից միջնորդությամբ պահանջել էր տեղեկություն հանրային ծառայողների քանակի մասին, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ տեղեկություն, թե ընտրական տեղամասերում որքան ժամանակով են հոսանքազրկվել և ինչ պատճառներով:

«Այս բոլոր միջնորդությունները դատարանը որոշել է մերժել:  Այն միջնորդությունը, որը վերաբերվում են ընտրություններին մասնակցած զինծառայողների քանակին, դատարանը որոշել է հետաձգել»,- ասաց ՍԴ նախագահը: 

Դիլանյանի խոսքով՝ ինչ վերաբերվում է Հանրապետության նախագահին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությանը, ապա այն ՍԴ-ն չի քննարկել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բովանդակային առումով այդ միջնորդությանը անդրադարձել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կատարած միջնորդության շրջանակներում:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի միջնորդությունը դատարանը ևս մերժել է: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ներկայացրած միջնորդությունների մի մասը մերժվել է, մի մասը հետաձգվել»,- հավելեց Դիլանյանը:

Որոշ միջնորդությունների վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց պատասխանող կողմը՝ ի դեմս ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանի:

«Կան միջնորդություններ, որոնց առնչությամբ պետք է պարզ լինի՝ հնարավո՞ր է բավարարման պայմաններում այդ միջնորդության պահանջները կատարել: Օրինակ` միջնորդությունների մեկը վերաբերում էր բոլոր ընտրողների` ՀՀ-ից դուրս գալու և մուտք գործելու հանգամանքը ստուգելուն: Որևէ խնդիր չկա, էլեկտրոնային սարքերից ստացված տեղեկատվությունը կարող է տրամադրվել, բայց արդյոք այդ բազաները կլինեն համադրելի, հնարավոր կլինի՞ դա, քանի որ տարբեր ծրագրային ապահովումներ կարող են լինել: Հետևաբար, այդ տեսակ հարցերում անհրաժեշտություն կա ճշտելու, որ հետո չպարզվի, որ իրականում միջնորդությունը բավարարվեց, բայց տեխնիկապես անհնար է նման միջնորդությունների իրականացումը», - ասաց Մուկուչյանը:

Երրորդ անձի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները ևս իրենց դիտարկումները ներկայացրեցին:

ՍԴ-ն դռնփակ ռեժիմով քննարկում է նիստը դռնփակ անցկացնելու հարցը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]