Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայ-ռուսական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական հարաբերությունները այսօր ամենաբարձր մակարդակի վրա են. Արամ Սաֆարյան

Հայ-ռուսական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական հարաբերությունները այսօր 
ամենաբարձր մակարդակի վրա են. Արամ Սաֆարյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը կարծում է, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը այսօր ամենաբարձր մակարդակի վրա է Հայաստանի անկախության 30 տարիների կտրվածքով: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադառնալով Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպմանը՝ Արամ Սաֆարյանը արձանագրեց, որ երկկողմ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական հարաբերությունները երբեք այսքան փոխկապակցված, փոխհամաձայնեցված, այսքան խորքային ընդգրկում ունեցող չեն եղել, որքան վերջին ամիսներին են:

- Պարոն Սաֆարյան, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա իր առաջին արտասահմանյան այցն էր արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Երկու ղեկավարները անդրադարձել են հայ-ռուսական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հարցին, սահմանային իրադրությանը, ռազմագերիների հարցին, ռուսական պատվաստանյութերի մատակարարմանը և այլն: Ձեր կարծիքով՝ ո՞րն էր այցի հիմնական նպատակը և ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել այս հանդիպումից հետո՝ հատկապես անվտանգությանը և ռազմագերիներին վերաբերող հարցերի առնչությամբ:

- Շնորհակալություն: Այս այցելությունը, իբրև քաղաքական երևույթ, իր մեջ ունի մի քանի պատգամ:

Առաջին պատգամն այն է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, շուտով՝ նաև վարչապետը, իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Մոսկվա: Սա ցույց է տալիս Ռուսաստանի Դաշնության, պաշտոնական Մոսկվայի տեղը Հայաստանի քաղաքական իրողությունների մեջ, ինչպես նաև այն հանգամանքը, թե Հայաստանի՝ օրինական ընտրված իշխանությունը ինչ կարևորություն է տալիս իր ռազմավարական դաշնակցի հետ բազմաբնույթ հարաբերությունները կարևորելու խնդրին և դրա իրականացմանը պատրաստ է ձեռնամուխ լինելու անհապաղ՝ ընտրություններից անմիջապես հետո:

Երկրորդ պատգամը. նախընտրական քարոզարշավի շրջանում Հայաստանի տարբեր քաղաքական ուժեր շատ կարևոր, դիպուկ և սկզբունքային գաղափարներ են արտահայտել: Այդ գաղափարները 20 օրվա ընթացքում թրծվել ու հղկվել են գաղափարախոսական բախումների, հեռակա և առկա վիճաբանությունների միջոցով: Այդ դատողությունների մեծ մասը վերաբերում էին Ադրբեջանի հետ առկա քաղաքական լարվածությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր մակարդակին և մեր տարածաշրջանում Հայաստանի տեղն ու դերը որոշելու, մեր ինքնիշխանությունը ապահովելու, մեր անվտանգությունը ամրապնդելու խնդիրներին: Այս առումով Փաշինյան-Պուտին երկխոսության իմաստը կարելի է հանգեցնել այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնությունը, իբրև Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական առաջատար գործընկեր և անվտանգության ու ինքնիշխանության քաղաքական երաշխավոր, ականջալուր է մեր խնդիրներին, հասկանում է մեր հոգսերը, պատրաստ է իբրև դաշնակից մեզ օգնելու և ջանք չի խնայելու իր ազդեցությունը Ադրբեջանի վրա գործադրելու, որպեսզի բարձրացված խնդիրները լուծվեն:

Որո՞նք են այդ խնդիրները: Մի քանի մեծ խումբ է: Առաջինը խումբը մեր սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցն է: Սա ամենաբարդ խնդիրը չէ, բայց կարևոր է, որ այստեղ հեղինակավոր արբիտր լինի, որովհետև, ինչպես գիտեք, վարչական սահմանները խորհրդային հանրապետությունների միջև գծվել են 1921-24 թթ. ընթացքում, որոշակի փոփոխություններ են ունեցել 1930-ական և անգամ 1960-ական թթ.-ին: Եվ այսօր խնդիր կա լուծելու այս հարցը հեղինակավոր միջնորդի օգնությամբ, որպիսին է, փաստորեն, Ռուսաստանը, որովհետև ունի բացառիկ հարաբերություններ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, երկուսի վրա էլ ունի իր ազդեցությունը և իր պատմական մասնակցությունը ունի, - սա կարևոր հանգամանք է, - այդ սահմանների՝ ժամանակին գծված լինելու հետ և պատրաստ է այսօր գործադրել այդ ռեսուրսը, որպեսզի այդ սահմանային վեճերը կարգավորվեն, հաստատվեն առանց պատերազմի վերաճելու:

Մյուս խումբը մեր գերիներին առնչվող հարցերն են: Մենք 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով իրավունք ունենք ակնկալելու, որ տեղի կունենա գերիների փոխանակություն՝ «բոլորը՝ բոլորի դիմաց»: Մենք իրավունք ունենք ակնկալելու, որ մեր գերիներին, առանց անհարկի բարդացնելու, առանց այս գործընթացը ավելորդ ձևով քաղաքականացնելու, առանց թշնամանքի և ատելության քարոզի միջով անցկացնելու, մոտակա, ամենասեղմ ժամկետներում հետ կհանձնեն մեզ: Մենք իրավունք ունենք սա ակնկալելու և մեր հասարակության պահանջը իշխանություններից եղել է այն, որ գործադրվեն բոլո՛ր ռեսուրսները, որպեսզի այս մարդիկ վերադառնան իրենց հարազատներին: Ինչպես տեսնում եք՝ գործընթացը շարունակական է և արդեն երկու փուլով տեղի է ունեցել, բայց մեծ մասը դեռ չեն վերադարձել և այդ մեծ մասին մենք սպասում ենք: Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ երբ Հայաստանի ղեկավարը ՌԴ ղեկավարին ասում է՝ «խնդրում եմ, Ձեր ազդեցությունն ու հնարավորությունները գործադրեք, որ այս գործընթացը արագանա», և մեզ հավաստիացնում են այդ մակարդակով, որ Ռուսաստանը ջանք չի խնայելու նոյեմբերի 9-ի՝ իր նախաձեռնած համաձայնագրով նախատեսված այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու:

Երրորդ հանգամանքը. ես արձանագրում եմ, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը այսօր ՀՀ անկախության 30 տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա է: Մեր ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական հարաբերությունները երբեք այսքան փոխկապակցված, փոխհամաձայնեցված, այսքան խորքային ընդգրկում ունեցող չեն եղել, որքան վերջին ամիսներին են: Մեր զինված ուժերը այսօր վերապատրաստվում և մոդեռնիզացվում են ռուսաստանցի գործընկերների օգնությամբ:

- Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերջին ամիսներին հաճախ է ընդգծում Ռուսաստանի և հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության դերը հայկական զինուժի վերազինման և արդիականացման հարցում: Դրա առարկայական դրսևորումներն արդեն տեսանելի՞ են:

- Այո, իհարկե: Մենք, որպես հետազոտական կազմակերպություն և քաղաքական վերլուծություն իրականացնող կառույց, ուշադրությամբ հետևում ենք մեր բանակի և զինված ուժերի, այդ թվում՝ սահմանապահ ուժերի զարգացմանն ու արդիականացմանը և արձանագրում ենք, որ պետք է շատ բավարար համարել մեր բանակի վերակազմակերպման գործընթացը: Մի քիչ ժամանակ է պետք, որպեսզի մեր բանակը 44-օրյա պատերազմից հետո ուշքի գա, ունենանք էֆեկտիվ և ինքնաբավ պաշտպանական համակարգ, և այդ ժամանակը մենք պիտի օգտագործենք վերազինվելու, սպառազինվելու և արդիականանալու վրա: Այս պրոցեսն ընթացքի մեջ է: Դրա համար եմ ասում, որ փաստացի երկու երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցությունն այսօր վերջին 30 տարվա կտրվածքով ամենաբարձր մակարդակի վրա է:

Երրորդ խմբի մեջ մի բան էլ կուզեի ավելացնել՝ սահմանապահ ուժերի հարցը: Շատ կարևոր է, որ Հայաստանի խնդրանքով ՌԴ-ն ոչ միայն իրականացնում է հարևան Թուրքիայի և հարևան Իրանի հետ ավանդական սահմանային պաշտպանության հարցերը, այլև վերջին ամիսներին ստանձնել է Նախիջևանի և Ադրբեջանի մի մասի հետ մեր սահմանների պաշտպանությունը:

Ես կարծում եմ՝ մեր ռազմաքաղաքական և քաղաքական ղեկավարությունը սխալ չի արել՝ դիմելով Մոսկվային, որպեսզի Ռուսաստանը ստանձնի մեր սահմանների պաշտպանության հարցը մինչ այն ժամանակը, երբ մեր զինված ուժերը ինքնուրույն ի վիճակի կլինեն արդյունավետորեն այդ խնդիրը լուծելու:

- Այսինքն՝ սա ժամանակավո՞ր է:

- Նախ, ես կարծում եմ, որ սա ժամանակավոր է: Երկրորդը՝ սա կապված է մեր փոխադարձ վստահության հետ: Ասեմ ավելին. մենք՝ Եվրասիական փորձագիտական ակումբը, մի քանի առիթով հայտարարել ենք, որ կուզենայինք՝ Հայաստանում լիներ ոչ թե մեկ ռուսական հենակետ՝ Գյումրիի 102-րդ հայտնի ռազմաբազան, այլ ևս մի լիարժեք, ինքնուրույն հենակետ կառուցեին Գորիսում, և այդ հենակետից կարող էր իրականացվել ռուս սահմանապահների ծառայությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող կյանքի ճանապարհով:

Ամեն դեպքում, ինչքան ռուս գործընկերները պատրաստ կլինեն՝ այդքան էլ կտևի այդ համագործակցությունը: Եթե մենք ասենք՝ «խնդրում ենք, ընդմիշտ ստանձնեք այդ սահմանների պաշտպանության հարցը», և նրանք հարմար գտնեն՝ կարող է պայմանագրով ձևակերպվել և դառնալ իրողություն: Այնպես, ինչպես 1997 թ. կնքված՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին հիմնարար պայմանագիրը: Բայց կարող է նաև այնպես լինել, որ ռուսներն ասեն՝ «եկեք 5 կամ 10 տարով կնքենք՝ մինչև ձեր բանակը ոտքի կանգնի»: Ուստի առաջ չընկնենք, այլ ուղղակի արձանագրենք, որ շատ արժեքավոր է, և մեր ժողովուրդը պիտի շնորհակալություն հայտնի, որ ռուսական զինված ուժերը համաձայնել են իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի ցավոտ և զգայուն կետերի պաշտպանության և այնտեղ գործունեություն ծավալելու հարցերը: Սա պաշտպանական խնդիրների կծիկն էր:

Գոյություն ունի նաև տնտեսական և հումանիտար-մշակութային հարցերի համալիր, որը նույնպես շատ կարևոր է:

Հարցազրույցը վարեց Արամ Սարգսյանը

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]