Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրոպան նախանշել է Արևելյան գործընկերության 2.3 միլիարդ եվրո բյուջեյով առաջիկա օրակարգը

Եվրոպան նախանշել է Արևելյան գործընկերության 2.3 միլիարդ եվրո բյուջեյով 
առաջիկա օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովը և Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչը հուլիսի 2-ին նախանշել են մեր Արևելյան գործընկեր երկրների հետ առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթություններին թափ հաղորդելու վերաբերյալ առաջարկի ընդհանուր նկարագիրը։ Այս օրակարգը հիմնված է հինգ երկարաժամկետ նպատակների վրա՝ հիմքում ունենալով դիմակայունությունը՝ 2020թ մարտին հրապարակված՝ Արևելյան գործընկերության ապագան 2020թ․ հետո տեսլականին համահունչ: Օրակարգը կյանքի կկոչվի տնտեսական և ներդրումային պլանով  հասանելի  2.3 միլիարդ եվրո դրամաշնորհների, խառնուրդ ֆոնդերի և երաշխիքային միջոցների բյուջեից, որոնք կարող են հավաքագրել մինչև 1,7 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ: Այս առաջարկը կդառնա Արևելյան գործընկերության ապագային միտված քաղաքականության քննարկումների առարկա, այդ թվում`2021թ․ դեկտեմբերին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից։

«Համապարփակ օրակարգի նպատակն է ավելացնել առևտրի և տնտեսական աճի ծավալները,  ստեղծել նոր աշխատատեղեր, միակցվածության ուղղությամբ ներդրումներ կատարել, ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները և իրավունքի գերակայությունը՝ աջակցելով «կանաչ» և թվային վերափոխումներին և խթանելով արդար, գենդերային հավասար և ներառական հասարակությունների կայացմանը։ 

«Եվրոպական միության օրակարգում Արևելյան գործընկերությունը շարունակում է  կարևոր դեր ունենալ: Մենք ուզում ենք ձևավորել այնպիսի օրակարգ, որը կարձագանքի այսօրվա աննախադեպ մարտահրավերներին, ինչպես նաև հնարավորություններին՝ միաժամանակ այն համապատասխանեցնելով ապագային: Ժողովրդավարության, լավ կառավարման և իրավունքի գերակայության  խթանումը մեր աշխատանքի զարկերակն է, որը շատ կարևոր է մեր՝ համագործակցությունից բխող դրական և հստակ արդյունքները բացահայտելու գործում։ Այն ներառում է Բելառուսը, որտեղ մենք ուզում ենք շարունակել աջակցել ժողովրդին մեր՝ Արևելյան գործընկերության շրջանակներում», նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը։

«Մենք առաջ ենք քաշում տնտեսական և ներդրումային հավակնոտ պլան, որը կօգնի  աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճի խթանմանը՝ ապահովելով Արևելյան գործընկերության տարածաշրջանի բարեկեցությունը։ Ծրագիրն ընդգրկում է առաջնային կարևրություն ներկայացնող ծրագրեր Արևելյան գործընկերության բոլոր երկրներում, այդ թվում՝ աջակցություն ապագա ժողովրդավար Բելառուսին: Այս նոր օրակարգի շրջանակներում կապահովվի աջակցություն սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ Քովիդ-19 համավարակից հետո, կամրապնդվեն  տնտեսական հարաբերությունները և կկառուցվեն ԵՄ և գործընկեր երկրների միջև առևտրային ուղիներ», նշել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:

Վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների վրա հիմնված համապարփակ օրակարգում ներառված են ընտրյալ տաս թիրախային լավագույն նպատակները՝ մինչև 2025թ․ և համագործակցության բոլոր գերակա ոլորտների վերաբերյալ սահմանված են հստակ պարտավորություններ: Թիրախային նպատակների շարքում են՝  լրացուցիչ աջակցությունը 500,000 փոքր և միջին ձեռնարկություններին, 3000կմ առաջնային նշանակության մայրուղիների և  երկաթուղիների՝ ԵՄ չափանիշներին համապատասխան կառուցումը կամ արդիականացումը, հիբրիդային և կիբեր սպառնալիքների չեզոքացումը, պայքարը կոռուպցիայի դեմ, 250000 տնային տնտեսությունների էլեկտրական էներգիայի սպառման կրճատումը առնվազն 20 տոկոսով,  անվտանգ ջրի ծառայությունների և օդի որակի մատչելիության բարելավումը, տնային տնտեսությունների 80 տոկոսի համար արագ համացանցի հասանելիության ապահովումը, բուժաշխատողների  պատվաստումների օժանդակությունը, լրացուցիչ աջակցություն քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին, 70000 ուսանողների, հետազոտողների և երիտասարդների շարժունակության հնարավորությունների ապահովումը:

Նոր օրակարգը նաև առաջարկում է ԱլԳ ճարտարապետության բազմակողմանի վերանայում` ԱլԳ շրջանակը նոր առաջնահերթություններին համապատասխանեցնելու և ամբողջական նպատակին լիովին հարմարեցնելու համար։

Տնտեսական և ներդրումային տարածաշրջանային պլանը կաջակցի հետքովիդյան սոցիալ-տնտեսական վերականգնմանը և տևական կայունության հաստատմանը՝ առաջնորդվելով «կանենք ավելի լավ, քան նախկինում էր» կարգախոսով։ Այս ծրագրով նախանշվում են առաջնահերթ ներդրումները և սահմանվում են առաջնային կարևրություն ներկայացնող ծրագրերի շարքը, որը համատեղ որոշվել են գործընկեր երկրների հետ` հաշվի առնելով նրանց առաջնահերթությունները, կարիքները և հավակնությունները:   

«Արևելյան գործընկերությունը» մեկնարկել է 2009 թ.՝ ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի վեց գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդման և խորացման նպատակով:

Գործընկերությունը զարգացել է ըստ յուրաքանչյուր գործընկերոջ շահերի, հավակնությունների և առաջընթացի՝ թույլ տալով ներդրնել ճկուն և ներառական տարբերակում ընդհանուր և գլոբալ մարտահրավերներին արձագանքելու  և տարածաշրջանային ինտեգրումը համատեղ խթանելու գործում:

2017թ. Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում  համաձայնեցված «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» հավակնոտ օրակարգի շնորհիվ՝  ԱլԳ-ն ապահովել է շոշափելի արդյունքներ, բարելավել է մարդկանց կենսակերպը: Հաջորդ օրակարգի ուղղությամբ աշխատանքները սկսվել են 2019 թ.՝ լայն և ներառական խորհրդակցությունների միջոցով: Արդյունքը հետևյալ փաստաթղթերի ստեղծումն է․ Համատեղ հաղորդակցություն «Արևելյան գործընկերությունը 2020թ․ հետո, դիմակայունության ամրապնդում՝ Արևելյան գործընկերություն, որից օգտվում են բոլորը» և «2020թ հետո Արևելյան գործընկերության քաղաքականության վերաբերյալ  ԵՄ խորհրդի եզրակացությունները»։ Այս փասթաթղթերը հիմք են գործընկերության համար սահմանված նոր տեսլականով, որում դիմակայունությունը հաստատված է որպես գերակա քաղաքական շրջանակ և նախանշված են հինգ երկարաժամկետ քաղաքական նպատակները՝ տնտեսությունը և միակցվածությունը, լավ կառավարումը և իրավունքի գերակայությունը, շրջակա միջավայրի և կլիմայի դիմակայունությունը, թվային վերափոխման աջակցությունը և  արդար, ներառական հասարակությունները։ Այն  ընդունվել է ԱլԳ առաջնորդների տեսաժողովում, որը տեղի է ունեցել 2020 թվականի հունիսին:

 

Հաջորդ քայլերը

Առաջարկությունները կքննարկվեն գործընկեր երկրների, ԵՄ անդամ երկրների, քաղաքացիական հասարակության և այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ նկատի առնելով 2021 թ․ դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]