ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով. հուլիսի 1-ի ժամը 10։35-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում, կախված վիճակում, տղամարդու դի կա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել 70-ամյա տղամարդու դին՝ տան շքամուտքում՝ բազմոցին պառկած վիճակում։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, 70-ամյա տղամարդու դին անասնագոմի նախամուտքի առաստաղի երկաթյա ձողից հակավորման թելով կախված վիճակում հայտնաբերել են նրա որդիները, որից հետո վերջիններս դիակն իջեցրել են, տեղափոխել տան շքամուտք և պառկեցրել բազմոցին։
«Զննության ժամանակ տուժածի որդիներից մեկը իրավապահներին է ներկայացրել գրություն և հայտարարել, որ այն հայտնաբերել է հոր գրպանից, որը գրված է նրա կողմից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են հակավորման թելի կտորներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն։