Սահմանային կետերում ջրի որակի հարցը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը սահմանային կետերում ջրի որակի մոնիթորինգի աշխատանքների արդյունավետության բարձրացման համար իրականացնում է տեխնիկական կարողությունների զարգացման ծրագիր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը նշեց, որ հանրապետությունում ջրի որակի խնդիրը մշտապես եղել է իրենց գերատեսչության ուշադրության կենտրոնում: Տարիների ընթացքում ջրի որակի դիտարկման համակարգն աստիճանաբար բարելավվել է, ընդլայնվել է, զարգացել են կարողությունները:
«Սահմանային փոփոխություններից ելնելով՝ խստացրել ենք հսկողությունը, ընդլայնել ենք դիտարկումներն այն հատվածներում, որոնք մինչ այդ չեն համարվել ճնշումային, դրանք համարվել են ակունքային, մաքուր հատվածներ: Ներկայում ավելի ինտենսիվ են կատարվում մոնիթորինգի աշխատանքները: Նոր դիտակետեր ենք ավելացրել: Այդ ուղղությամբ նախարարությունը նախատեսել է տեխնիկական կարողությունների զարգացման ծրագիր, որպեսզի կարողանանք վերհանել ջրի որակի հետ կապված հնարավոր խնդիրները սահմանային իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված»,-ասաց Գայանե Շահնազարյանը: Նրա խոսքով, ներկայում ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր սահմանային կետերում ջրի որակի հետ կապված որևէ բացասական փոփոխություն չի դիտվել:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեխնիկական կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում համապատասխան սարքավորումների ձեռքբերման համար վերաբաշխումներ է կատարել հատկացված բյուջեում:
«Նախարարությունը 38 մլն դրամի չափով գումար է նախատեսվել մոնիթորինգի համակարգը զինելու, նոր սարքավորումների ձեռքբերման համար: Այստեղ ջրի որակը ստուգելուց բացի, ուշադրության կենտրոնում կլինի ռադիոակտիվ աղտոտվածության խնդիրը: Հատուկ դոզաչափերի ձեռքբերմամբ հնարավոր կլինի համապարփակ մոնիթորինգ անել»,-ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը: