Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հարկային եկամուտները գերակատարելու ենք նաև երկրորդ եռամսյակում. Նիկոլ Փաշինյան

Հարկային եկամուտները գերակատարելու ենք նաև երկրորդ եռամսյակում. Նիկոլ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական բյուջեի հետ կապված ընթացիկ վիճակին, հարկային հավաքագրումների գործընթացին, 2022 թվականի բյուջեի նախագծին վերաբերող հարցեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր պիտի քննարկենք մեր բյուջետային գործերի վիճակը, նաև արդեն պետք է սկսենք պլանավորել 2022 թվականի բյուջեի նախագծի ձևավորման գործընթացը: Ընդհանուր առմամբ, մեր բյուջետային գործերը վատ չեն և հարկային եկամուտների հավաքագրումներն իրականացվում են առաջանցիկ տեմպերով: Հիմա ակնհայտ է, որ հարկային եկամուտները գերակատարելու ենք նաև երկրորդ եռամսյակում, այսինքն՝ կիսամյակում, թե ինչքա՞ն, այսօր երեկոյան վերջնական պարզ կլինի:

Որքան էլ տարօրինակ հնչի, ես ավելի շատ խնդիրներ տեսնում եմ մեր ծախսային հատվածում, որովհետև ծախսերի արդյունավետությունն ընդհանրապես շատ լուրջ խնդիր է, և այդ խնդրի լուծման ինստիտուցիոնալ համակարգերի մասին մենք պետք է անպայման մտածենք, որովհետև ծախսերի արդյունավետությունը նաև տնտեսական ակտիվության, բյուջեի եկամտային մասի ապահովման շատ լուրջ, առանցքային խթաններից մեկն է: Սովորաբար ավելի լայն ուշադրություն և հետաքրքրություն լինում է եկամտային մասի նկատմամբ, նկատի ունեմ հանրային շրջանակներում, բայց իրականում ծախսային հատվածները նույնպես շատ կարևոր են:

Նաև ի՞նչ առանձնահատկություն կա այսօրվա իրադրության մեջ. բյուջետային իմաստով մենք գտնվում ենք տարվա կեսին, բայց քաղաքական իմաստով շուտով սկսվելու է նոր տարին և նոր ժամանակաշրջանը, որի հետ կապված հնչել են կոնկրետ նախընտրական խոստումներ: Մենք խոսել ենք լայնածավալ կապիտալ ներդրումների, հարյուրավոր դպրոցների, հարյուրավոր մանկապարտեզների, տասնյակ ջրամբարների, հազարավոր կիլոմետրերով ճանապարհների կառուցման մասին, և  անխուսափելիորեն դա պետք է ապահովենք: Նաև բիզնեսը պետք է տեսնի այդ խոստումները կատարելու մեր վճռականությունն ու հետևողականությունը, որպեսզի համապատասխան դիրքավորվի այդ գործընթացն իրականացնելու համար, որովհետև կառավարությունը քաղաքական խնդիրն է դնում, իսկ դրանք մեր այսօրվա համակարգերով իրականացվում են մասնավոր հատվածի կողմից, մասնավորապես մրցույթներ են իրականացվում և այլն»:

Վարչապետի պաշտոնակատարն առանձնացրել է ևս մեկ թեմա, որին պետք է կառավարությունը եթե ոչ այսօր, ապա հետագայում անդրադառնա: «Խոսքը վերաբերում է մեր պետական գնումների համակարգի կատարելագործմանը, որի ուղղությամբ բավականին աշխատանք արել ենք, բայց այստեղ պետք է մտածենք նաև, թե էլ ինչ բարեփոխումներ կան, որոնք պետական գնումների համակարգը կդարձնեն հնարավորինս արդյունավետ: Որովհետև եթե խոսում ենք ծախսային հատվածի արդյունավետության մասին, առաջին հերթին խոսում ենք գնումների համակարգի արդյունավետության մասին: Ինչքանո՞վ է մոբիլ այդ գնումների համակարգը, ինչքանո՞վ է արդյունավետ և ինչքանո՞վ համահունչ այն քաղաքական խնդիրների հետ, որոնք ձևակերպել ենք: Եվ այստեղ պետք է որոշակի մեխանիզմներ ունենանք՝ գործընթացներն ավելի օպերատիվ ձևով կազմակերպելու հնարավորություն ունենալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ նախկինում խոսվել է գլխավոր կապալառուի ինստիտուտի ներդրման մասին, որը հնարավորություն կտա շատ դեպքերում կայացնել արագ որոշումներ և իրականացնել դրանք ավելի արագ, քան նախատեսվում էր:

«Այլ խնդիրներ ունենք ծախսերի իրականացման ոլորտում: Իմ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կան ընկերություններ, որոնք այդ թեմաների մեջ մասնագիտացած են: Օրինակ, ես նախորդ օրը մարզերից մեկում մի իրավիճակի բախվեցի, երբ դպրոցի շինարարության մրցույթ է հայտարարաված, ֆինանսավորումը կա, նախագիծը կա, և արդեն, եթե չեմ սխալվում, երկու տարի դատական քաշքշուկ է տեղի ունենում: Այսինքն՝ սահմանամերձ գյուղում, երբ դպրոցը պետք է արդեն կառուցված, շահագործման հանձնված լիներ, և գործող դպրոցը, ըստ էության, ավերակ վիճակում է, հիմա գյուղը, երեխաները տուժում են այն պատճառով, որ մրցույթին մասնակից երկու ընկերություններ դատական պրոցես են հարուցել, և շահագործման պլանավորված բոլոր ժամկետներն ավարտվել են ու դեռ հայտնի չէ, թե դպրոցը երբ կկառուցվի:

Կարծում եմ՝ այս դեպքերում պետք է մեխանիզմ ունենանք կամ օրենսդրական,  քաղաքական որոշակի կարգավորումներ անենք, որովհետև այդ գյուղի երեխաներին պետք է բացատրենք՝  ինչպե՞ս է, որ նախագիծը կա, ֆինանսավորումը կա, մրցույթը հայտարարաված է, հաղթողը կա, իսկ դպրոցը չի կառուցվում: Եվ եթե միջոցներ չձեռնարկենք, հնարավոր է՝ առաջիկա երևի 3-4 տարում չկառուցենք: Այնպես որ այսպիսի հարցեր կան, և այս հարցերում մենք այլևս հապաղելու իրավունք չունենք: Պետք է կայացնենք որոշումներ, և այդ որոշումների արդյունքում մեր ծախսային հատվածը դարձնենք ավելի արդյունավետ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև քննարկվել են տնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները, հարկային եկամուտների ավելացման ուղղությամբ հնարավոր քայլերը, կապիտալ ներդրումների ավելացմանը, որակյալ, արդյունք տվող ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր, որոնց առնչությամբ ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Անդրադարձ է կատարվել նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման, գնումների ոլորտի կարգավորումների պարզեցման ու արդիականացման ուղղությամբ միջոցառումների ընթացքին, շինարարության ոլորտի զարգացումներին, մասնավորապես, եկամտահարկի վերադարձի ծրագրի շրջանակում բնակարանաշինության գոտիավորման անհրաժեշտությանը վերաբերող հարցերի:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով հետևողական, հստակ քայլերի իրականացումը: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարությունը պետք է տնտեսությունը խթանելու քաղաքականությունը դարձնի առավել արդյունավետ, այդ թվում՝ տնտեսավորղների համար նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություններ ստեղծելու միջոցով: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է այսօրվանից սկսել դպրոցների, մանկապարտեզների, ջրամբարների, ճանապարհների կառուցման համար անհրաժեշտ համապատասխան կազմակերպությունների, այդ թվում՝ արտերկրից ներգրավման աշխատանքները, դրա համար գնումների ոլորտում ապահովելով անհրաժեշտ օրենսդրական լուծումներ: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է՝ վերը նշված շինաշխատանքներում առանձնակի խնդիր է լինելու բարձր որակի և համապատասխան չափանիշների ներդրման ապահովումը:     

2021 թվականի ապրիլի 1-ին կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2021 թվականի առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով: ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ հայտնել էր, որ Կառավարության որոշմամբ սահմանված եռամսյակային համամասնությամբ՝ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 332,9 մլրդ դրամ: Դրական տարբերությունը կազմում է 27,9 մլրդ դրամ: Սակայն հաշվի առնելով, որ 332,9 մլրդ դրամի մեջ ներառված են նաև դրոշմանիշային վճարների գծով մուտքերը, որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ և նախատեսելով հետագայում առաջին եռամսյակի պլանի ճշտման հավանական, հնարավոր չափը, որը կկազմի 310,6 մլրդ դրամ, ապա հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 մլրդ դրամ: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]