Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

Հայկ Չոբանյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նոր ռազմավարության ընդունումը

Հայկ Չոբանյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նոր 
ռազմավարության ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը Բարսելոնայում հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը տեղի ունեցող «MWC Barcelona 2021» միջոցառման շրջանակներում հանդիպում է ունեցել «GSMA» փոխնախագահ, Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի քաղաքականության և կարգավորումների տնօրեն Դանիել Պատակիի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Հայկ Չոբանյանը փոխանցել է, որ հայկական տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները մշտապես մասնակցել և բարձր են գնահատել «MWC Barcelona 2021» միջոցառուման կարևորությունը: 

Նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է ոլորտի առջև ծառացած փոխակերպման մարտահրավերներին, ինչպես նաև համավարակով պայմանավորված նոր իրականությանը։ 

Հայկ Չոբանյանը նշել է, որ անհրաժեշտ է ավելի ակտիվ լինել նոր լուծումներում, որպեսզի մարդիկ և երկրները չունենան այն անհարմարությունները, որոնք կան այսօր։ Լուծումները ենթակառուցվածքային և թվային տեխնոլոգիաների տիրույթում են և նման հարթակները հնարավորություն են տալիս այդ թեմաները քննարկել դերակատար երկրների պատասխանատուների հետ։

Դանիել Պատակին ներկայացրել է «GSMA»-ի գործունեությունը, որն ընդգրկում է մի քանի ուղղություններ, որոնցից առաջինը ոլորտային ներկայացուցիչներին մեկ վայրում համախմբելն է, երկրորդը՝ ստանդարտիզացումը, տեխնոլոգիական համագործակցությունը, երրորդը՝ որոշումներ ընդունող քաղաքական գործիչների միջև համագործակցության հնարավորությունների հաստատումը: Դանիել Պատակին ընդգծել է կարգավորիչների բնագավառում ունեցած երկարամյա փորձառությունը և այդ ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունները։

Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, նշել, որ կարևորում է ժամանակին համընթաց ոլորտում բարեփոխումների աստիճանական իրականացումը: Այս տեսանկյունից Հայկ Չոբանյանն ընդգծել է ոլորտային զարգացման նոր ռազմավարության ընդունումը, որի իրականացումը երկրի տնտեսությունը կբարձրացնի զարգացման նոր մակարդակի: Կողմերը կարևորել են գործակցության զարգացման անհրաժեշտությունը և պայմանավորվել քննարկել ոլորտում փոխշահավետ համագործակցային ծրագրերի իրականացման առաջնայնությունները:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]