Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հուլիս

Կստեղծվի ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա. դպրոցը կկրի Բեկոր Աշոտի անունը

Կստեղծվի ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա. դպրոցը կկրի 
Բեկոր Աշոտի անունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն» ՀՈԱԿ-ն անվանափոխվեց «Երևանի Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան ավիամոդելավորման դպրոց» ՀՈԱԿ-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվեց Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ։

«Ավիամոդելավորումը և՛ որպես մարզաձև և՛ որպես առանձնահատուկ ոլորտ պետության, համայնքի համար, անհրաժեշտություն ունի զարգացման և տարածման ինչպես մանուկների ու պատանիների, այնպես էլ՝ երիտասարդների ու ավագ սերնդի շրջանում: Ավիամոդելավորման՝ նաև որպես մարզաձևի, տեսակների զարգացման, կազմակերպման անհրաժեշտության նպատակով հիմնադրվում է համայնքային մասնագիտացված կազմակերպություն»,- նշեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը:

Դպրոցի բազայի հիման վրա նախատեսվում է հիմնել նաև անօդաչու թռչող սարքերի և ռոբոտաշինության լաբորատորիա։

Երևանի ավիամոդելավորման դպրոցի նպատակն է մշակել ավիամոդելավորման տեսակների ուսումնամարզական ծրագրեր, մասսայականացնել դրանք և զարգացնել, սերտ համագործակցություն հաստատել ավիամոդելավորման տեսակների մարզական կազմակերպությունների և ակումբների հետ, երևանցի մարզիկներին նախապատրաստել միջազգային մրցաշարերին, աշխարհի, Եվրոպայի և ՀՀ առաջնություններին մասնակցելու համար։ Դպրոցում նաև ստեղծվելու են անօդաչու թռչող սարքեր, մշակվելու են ռոբոտաշինության ուսումնական ծրագրեր։

Դպրոցը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածի, Նոր Ջուղայի փողոց, 1 հասցեում։

Որոշումն ընդունվեց 34 «կողմ», 1 «դեմ» և 0 «ձեռնպահ» ձայներով։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]