Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի հարցով կապի մեջ է բոլոր կողմերի հետ. Պեսկով

 ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի հարցով կապի մեջ է բոլոր կողմերի հետ. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հարցով սերտ կապի մեջ է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:   

«Մենք սերտ կապի մեջ ենք և Անկարայի, և Բաքվի, և Երևանի հետ և կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Հարավային Կովկասում իրավիճակի հետագա կայունացմանը՝ ենթակառուցվածքների, տրանսպորտային լոգիստիկայի զարգացմանը, իրավիճակի ընդհանուր շտկմանը և չպետք է պարունակի ինչ-որ տարր, որը կարող է պատճառ դառնալ լարվածության ավելացմանը»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո, երբ որոշ տարածքներ անցան ադրբեջանական վերահսկողության տակ, ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերը դարձան Ադրբեջանին սահմանակից: Սյունիքի և Գեղարքունիքի մարզում իրավիճակը սրվեց մայիսին, երբ ադրբեջանական զինուժն ապօրինաբար ներխուժեց ՀՀ տարածք: Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատեցին Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ իրականացրին: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ ձեռնարկեցին: Ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ՀՀ տարածք նաև Գեղարքունիքի մարզի հատվածում: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին արված իր առաջարկի իրագործումը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով: Առաջարկվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հայելային եղանակով հետ քաշեն զորքերը, սահմանային գծի երկայնքով կանգնեն ռուս սահմանապահները և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավմամբ սկսվի սահմանային գծի ճշգրտման աշխատանքները Սոթք-Խոզնավար հատվածում:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]