Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ 
տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը.

«Այս օրերին լրանում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցը։ 1992 թ. հունիսի 12-ին ձեռնարկված լայնամասշտաբ հարձակման արդյունքում 1992 թ. հունիսի կեսերին ադրբեջանական զորամիավորումներն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը։
 
Օկուպացիայի ընթացքում ադրբեջանական բանակն կատարեց ռազմական և մարդկայնության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ գրավված բնակավայրերը լքել ցանկացող մարդկանց կանխամտածված գնդակահարություններ, արտադատարանային հաշվեհարդարներ գերիների և պատանդների նկատմամբ, խոչընդոտում խաղաղ բնակիչների տարահանմանը, քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծում ծանր զինտեխնիկայից։ 
 
Շահումյանի շրջանի օկուպացիայի և դրան հաջորդած էթնիկ զտումների արդյունքում կողոպտվեցին, քանդվեցին ու կրակի մատնվեցին շուրջ երկու տասնյակ հայկական գյուղեր, ավելի քան 20 հազար մարդ ստիպված եղավ լքել իր տունը՝ դառնալով ներքին տեղահանված անձ և փախստական, մի քանի հարյուր հոգի դաժանաբար սպանվեց կամ անհետ կորավ։ Ադրբեջանական զինված ուժերի հետագա հարձակումը Մարտակերտի շրջանի վրա հանգեցրեց Արցախի գրեթե կեսի օկուպացիային և հանրապետությունը կանգնեցրեց մարդասիրական աղետի եզրին։ Սակայն, անսասան ոգու և կամքի ուժի, հաստատակամության և անձնուրաց պայքարի շնորհիվ Արցախի ժողովուրդը, համայն հայության աջակցությամբ, կարողացավ խափանել Արցախի Հանրապետության և նրա բնակչության ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի ծրագրերը։
 
2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական ռազմական մասնակցությամբ, կրկին փորձեց իրականացնել իր հանցավոր և մարդատյաց ծրագրերն ու անել այն, ինչը նրան չէր հաջողվել 1991-1994 թվականներին: Նոր զինված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը և նրան աջակցող ուժերն էլ ավելի մեծ մասշտաբով ու ավելի համակարգված կերպով կատարեցին ռազմական և մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ: Նոր պատերազմը հանգեցրեց մարդկային ավելի մեծ տառապանքների, փախստականների և ներքին տեղահանվածների նոր ալիքի և Արցախի Հանրապետության մեծ մասի բռնազավթման:
 
Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անբաժանելի մասն է, Արցախի պատմական տարածքը, որտեղ մեր ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և հետագայում ստեղծել պետականություն: Շահումյանի շրջանի, ինչպես նաև 1991-1994, 2016 և 2020 թվականներին գրավված Արցախի մյուս տարածքների դեօկուպացիան, արցախահայության կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչման հետ մեկտեղ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման  և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման առանցքային բաղադրիչն է: Արցախի տարածքների շարունակվող ապօրինի օկուպացիան Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների մշտական աղբյուր է»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am