Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քոչարյանը Վեդիում խոստացավ լուծումներ տալ գյուղացիների ոռոգման խնդիրներին

Քոչարյանը Վեդիում խոստացավ լուծումներ տալ գյուղացիների ոռոգման խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ իր ղեկավարած դաշինքը կարողանալու է երկիրն արագ քայլերով առաջ տանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսեց Վեդիում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

Լսելով հավաքված քաղաքացիներին և պատասխանելով նրանց բարձրացրած հարցադրումներին՝  նա խոսեց գյուղատնտեսական ոլորտում իրենց անելիքների մասին: Մասնավորապես, նա անդրադարձավ ոռոգման խնդիրներին՝  հայտարարելով, որ երեք տարով փոխելու են սուբսիդավորման մակարդակը: «Հաշվարկը դեռ վերջնականացված չէ, բայց կարծում եմ երեք տարով դուք սիմվոլիկ գումարներ եք ունենալու ոռոգման համար: Գիտեմ, որ շատերն են վարկերի տակ, այս տնտեսական անկումը բերեց անհամաչափության, վարկավորման փաթեթի աճի, ֆինանսական այդ ծանրության տակից դժվար է դուրս գալ առանց աջակցության»,- ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով սպորտի զարգացմանը՝  նա տարանջատեց մեծ սպորտը և մասսայական սպորտը: «Չունենանք մասսայական սպորտ, չենք ունենալու նաև մեծ սպորտ: Մի սպորտաձևով առնվազն 8-10 հազար երեխա պետք է պարապի, որպեսզի մեծ սպորտի համար կարողանաս առաջ տանել մի քանիսին: Մեկը սնում է մյուսին, չես կարող միայն մեկ սպորտ դպրոց կառուցել՝ մտածելով, որ հաջողություն ես ունենալու: Իսկ մասսայական սպորտը ժողովրդի առողջությունն է»,- նշեց Հայաստանի երկրորդ նախագահը:

Քոչարյանը կրկնեց, որ իրենք են այն քաղաքական ուժը, որն ունի փորձ, վճռականություն, գիտելիք և կամք: «Եթե վստահեք մեզ, մենք կկոտրենք այս անկումային տրամադրությունները և առաջ կքայլենք արագ տեմպերով: Վստահ եմ: Հակառակ դեպքում, ես այս բեռի տակ չէի մտնի: Մենք արդարացնելու ենք ձեր վստահությունը»,- եզրափակեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am