Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հուլիս

Քոչարյանն ակնհայտ է համարում, որ ընտրություններում 2 ուժ է պայքարում առաջատար դիրքերում

Քոչարյանն ակնհայտ է համարում, որ ընտրություններում 2 ուժ է պայքարում 
առաջատար դիրքերում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն ակնհայտ է համարում, որ ընտրություններում առաջատար դիրքերում պայքարում է երկու ուժ՝ վստահեցնելով՝հենց իրենց ուժն է, որ ունի փորձ ու գիտելիքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Մասիսում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Ակնհայտ է, որ երկու միավոր են պայքարում առաջատար դիրքերի վրա՝ այս ընտրական գործընթացներում՝ գործող իշխանության քաղաքական թիմը և «Հայաստան» դաշինքը»,-ասաց Քոչարյանը:

Նա առաջարկեց ճիշտ ընտրություն կատարելու համար զգացմունքային մասը մի կողմ դնելով՝ փորձել հասկանալ, թե որ թիմն իրենից ինչ է ներկայացնում: «Այս իշխանությունը  իշխանության գալուց խոստացել է խաղաղություն, մենք ստացանք պատերազմ, զոհեր, տարածքային հսկայական կորուստներ: Եվ այս իշխանությունը չի ընդունում, որ այս ամենի մեջ որևէ մեղք ունի: Այս իշխանությունը խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, ստացանք թռիչքաձև անկում, գործազրկության աճ, արտագաղթ, աղքատության աճ….»,-ասաց Քոչարյանն ու իշխանությանը մեղադրեց նաև կոռուպցիոն գործարքների մեջ:

Նա հավաստիացնում է, որ «Հայաստան» դաշինքը հանդես է գալիս հավասարակշռված դիրքերից, գալիս է երկիրը շենացնելու: Հավատացնելու համար, որ չեն ստում՝ Քոչարյանն առաջարկեց նայել իր կենսագրությունը, Դաշնակցության կենսագրությունը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության կողմից ցուցակում ընդգրկված մարդկանց կենսագրությունը: «Մենք մեր ցուցակում չունենք վարկաբեկված մարդիկ, չունենք մարդիկ, որոնց կարելի է ասել, որ սուտասան են, անբարոյական են և սադիստ են»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ ունեն փորձ ու գիտելիքներ:

Քոչարյանը խոսեց գործող իշխանության, տարբեր ոլորտներում նրա վարած քաղաքականության մասին: Նա հիշեցրեց վերջին 3 տարվա ընթացքում փոխված ԱԱԾ ղեկավարների թիվը՝ 5, ԳՇ պետերի թիվը՝ 4:

«Մենք առաջարկում ենք մեզ և ասում, որ ի վիճակի ենք այս ամենը փոխել, երկրի վիճակը բարելավել և ձեզանից յուրաքանչյուրի կյանքի որակը լավացնել»,-վստահեցրեց Քոչարյանը:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն էլ նշեց. «Այսօր Ռոբերտ Քոչարյանի պահանջարկն այնքան է, որ այլընտրանք պարզապես չի կարող լինել»:

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն էլ հունիսի 20-ի ընտրությունը որակեց վճռական, պատմական: «Դա սովորական և հերթական ընտրություն չէ, դա հայրենիք և պետություն ունենալու և չունենալու ընտրություն է»,-ասաց նա:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]