Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

Քարոզարշավ օր 9. ավտոերթ, քայլերթ, հանրահավաքներ․ քաղաքական ուժերը շարունակում են արշավները

Քարոզարշավ օր 9. ավտոերթ, քայլերթ, հանրահավաքներ․ քաղաքական ուժերը 
շարունակում են արշավները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտոերթից մինչև հանրահավաքներ քաղաքական ուժերը շարունակում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավները։

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին:

«Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել «Նախընտրական քրոնիկոն» ծրագիրը:

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինեն Արարատի մարզում։ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպում կունենան բնակիչների հետ 14։00-ին՝ Մասիս քաղաքում, ապա 16։00-ին՝ Ավշարում, 17։00-ին՝ Արարատում, 18։00-ին՝ Վեդիում։ Ժամը 19։30-ին հանրահավաք կանցկացվի Արտաշատի թատրոնամերձ հրապարակում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 9-րդ օրը մեկնարկելու է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Դավիթ Անհաղթի անվան զբոսայգու սկզբնամասում ժամը 11:00-ին։ Կլինի հանդիպում նաև լրագրողների հետ։

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչները վաղ առավոտից առանձին խմբերով շրջայցեր կկատարեն Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Դաշինքի անդամների մի մասն էլ ժամը 15։00-ին կայցելի Կոտայքի մարզ՝ քաղաք Աբովյան։ 19։00-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտ հավաք կիրականացնեն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժամը 07։30-ին Հանրապետության հրապարակից ավտոերթ է սկսել դեպի Սյունիքի մարզ։ Ժամը 11։00-ին նրանք կլինեն Սիսիանում, 12։00-ին՝ Գորիսում, 16։00-ին՝ Ագարակում, 16։30-ին՝ Մեղրիում, 17։30-ին՝ Քաջարանում, իսկ 19։00-ին՝ Կապանում։ 

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 15-ին լինելու է Վայց Ձորի մարզում։ Ժամը 12։00-ին նրանք կլինեն Եղեգնաձորում, ապա 13։00-ին՝ Վայքում, իսկ 15։00-ին՝ Ջերմուկում։ Ժամը 20։00-ին կուսակցության ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի քաղաքային այգում։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ժամը 13։00-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հաղթանակ թաղամասում գտնվող Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցում հանդիպում կունենա բնակիչների հետ։

«Միասնական Հայրենիք» կուսակցությունը հունիսի 15-ին հանդես կգա մամուլի ասուլիսով, որը տեղի կունենա ժամը 12։00-ին։ Բանախոսը կլինի կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը։

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին ժամը 08:00-ին և տևել մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն: 

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]