Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Օգոստոս

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը խոստանում է «ատամներով պահել» Հայաստանի ժողովրդավարական հեռանկարը

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը խոստանում է «ատամներով պահել» Հայաստանի ժողովրդավարական հեռանկարը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը համարում է երկրի անվտանգության երաշխիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց դաշինիքի ցուցակը գլխավորող Արման  Բաբաջանյանը՝ քարոզարշավի շրջանակում Աջափնյակում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Հայաստանը հասկացել է, որ իր արտաքին քաղաքականության բազմազանեցումն այլընտրանք չունի: Սակայն մինչև Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, անհրաժեշտ է, որ դիվերսիֆիկացնենք նաև ներսում քաղաքական միջավայրը: Եվ առաջիկա ընտրություններն այդ հնարավորությունն են տալու: Եթե մենք իսկապես կարողանանք ժողովրդավարության պաշտպանությանը հավատարիմ քաղաքական  ուժերին իշխանության մաս դարձնենք, Հայաստանը կունենա ժողովրդավարական ապագա»,-ասաց Բաբաջանյանը:

Նա հիշեցրեց՝ իրենց դաշինքն առաջին օրից հայտարարել է, որ հանդես է գալիս Հայաստանի ժողովրդավարության պաշտպանության դիրքերից՝ շեշտելով, որ իրենց համար ժողովրդավարության պաշտպանությունը Հայաստանի անվտանգության երաշխիքն է:

«Մեզ համար ժողովրդավարության պաշտպանությունը Հայաստանում դատաիրավական, տեխնոլոգիական, գյուղատնտեսական, ագրոարդյունաբերական, արդյունաբերության արտադրության հեռանկարների հնարավորությունն է, Հայաստանի թռիչքի, զարգացման,  Հայաստանի հնարավորությունների երաշխիքն է: Եվ մենք ատամներով պահելու ենք Հայաստանի ժողովրդավարական հեռանկարը»,- ընդգծեց Բաբաջանյանը:

Նա հավելեց՝ տեսնում են, որ որոշները պատրաստվում են ոտնձգել Հայաստանի ժողովրդավարական ձգտումների նկատմամբ՝ հավելելով, որ առաջիկա օրերին հավանաբար լինելու են նաև այդպիսի դրսևորումներ: Բաբաջանյանը շեշտեց, որ  իրենց դաշինքը կանգնելու է մեջտեղում և թույլ չի տալու, որ պետությունը ճկելու, կազմաքանդելու տրամադրությունները, ցանկությունները կյանքի կոչվեն:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]