Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում բոլոր գերիները վերադառնալու են. Փաշինյան

Նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում բոլոր գերիները վերադառնալու են. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանից տասնհինգ գերիների վերադարձը իրադարձություն չէ, դա գործընթաց է. մի նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում մեր բոլոր եղբայրները վերադառնալու են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակում հանդիպելով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչների հետ։

Փաշինյանը նշեց. «Հայաստանի հանրության 98 տոկոսը հունիսի 12-ին վերջապես վայելեց 15 հայ գերիների վերադարձը»։

Նա հավելեց, որ իր միտքն արդեն մյուս գերիների և նրանց ընտանիքների հետ է, որոնք դեռ չեն վերադարձել։ «Մեր 15 գերիների վերադարձը իրադարձություն չէ, դա գործընթաց է։ Եվ ես կարող եմ արձանագրել, որ մի նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում մեր բոլոր եղբայրները վերադառնալու են։ Բայց ես էլի ուզում եմ ասել, որ դա մենք իրար հետ ենք անելու»,- նկատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ դիմելով ներկաներին։

Փաշինյանի բնորոշմամբ՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններն այդ առումով շատ կարևոր են. «Ես չեմ բացառում, որ կան ուժեր, որոնք ամենատարբեր խոչընդոտներ են հարուցել այս ընթացքում, որ սառեցվի գերիների վերադարձի գործընթացն, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու նկատառումով։ Բայց ընտրությունների արդյունքներով մենք մեր միակամությունը պետք է արձանագրենք, պետք է ցույց տանք, որ մենք հաստատակամ ենք այդ դժվարությունները հաղթահարելու՝ հանուն մեր նպատակների»։

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի կողմից Ադրբեջանին՝ այդ երկրի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների ականապատման քարտեզների տրամադրմանը՝ վերահաստատելով, որ «քարտեզը չենք փոխանակել գերիների հետ, մենք քայլին քայլով ենք պատասխանել, կառուցողական քայլով կառուցողական քայլով ենք պատասխանել»։

«Մենք մի ռեգիոնի քարտեզ ենք տվել, ընդ որում, ցավոք սրտի, այդ ականադաշտերը մեզ և նրանց արդեն չեն բաժանում։ Դա իրանց թիկունքում է։ Մենք իրենց թիկունքի քարտեզները տվել ենք, բայց էլի ոչ թե փոխանակության համար»,- հավելեց Փաշինյանն՝ ընդգծելով. «Երբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ասաց, դուք պատրաստ եք քայլ անել, եթե իրենք քայլ անեն, ես ասացի՝ այո, մենք պատրաստ ենք»։ Ի՞նչ քայլ եք պատրաստ անել։ Ես ասացի, որ մեր ունեցած քարտեզների մի մասը կտանք»։

Նա հավաստեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել այդ պրոցեսը, որովհետև հայ գերիներ կան Ադրբեջանում և հայկական կողմն ունի ականադաշտերի քարտեզներ։ «Ընդ որում, ես ասում եմ, որ մենք դեռ դեկտեմբերին կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր թվերով տվել ենք այդ քարտեզներից»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ հայկական կողմը դադարեցրել է քարտեզների տրամադրումն այն ժամանակ, երբ Ադրբեջանը դադարեցրել է հայ գերիների վերադարձի գործընթացը։ «Բայց մենք պատրաստ ենք իրենց թիկունքում գտնվող բոլոր ականադաշտերի քարտեզները տալ։ Բայց մեր հանրությունը չի հասկանա, եթե մենք այնտեղ գերիներ ունենալու պայմաններում միակողմանի վերադարձնենք»,- շեշտեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից կառուցողականության առաջին քայլը երևաց, երբ նրանք վերադարձրին մոլորված հայ զինվորին։

Հանարահավաքից հետո տեղի ունեցավ երթ։


 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]