Նորովի բացահայտվող Հայաստան. ուղղություններ, որոնք անտարբեր չեն թողնի ոչ ոքի
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն աչքի է ընկնում ոչ միայն հնագույն պատմությամբ, մշակույթով, հյուրասեր ու գրկաբաց հանրությամբ, այլև գեղեցիկ բնաշխարհով՝ լեռներով, ձորերով, տեսարժան տարբեր վայրերով, որոնց մի մասին թե՛ տեղի, թե՛ արտերկրի զբոսաշրջիկները քաջածանոթ են:
Համավարակով պայմանավորված՝ զարգացավ ներքին տուրիզմը, և զբոսաշրջիկները բացահայտեցին վայրեր, որոնք վերջերս են ընդգրկվել զբոսաշրջային ուղղություններում և մեծ ժողովրդականություն են վայելում:
«Արմենպրես»-ը ներկայացնում է այդ ուղղություններից մի քանիսը:
Արևածագի ձոր
Արևածագի ձորը, որը վերջին շրջանում շարժել է և՛ հայ, և՛ օտարազգի զբոսաշրջիկների հետաքրքրությունը, Լոռու մարզում է՝ Արևածագ գյուղում՝ Ձորագետի հարևանությամբ:
Տեղացիներն այն անվանում են Ցիցքար: Արևածագի ձորը մարդկանց գրավում է յուրօրինակ տեսարանով: Թվում է՝ ժայռի դիմաց լիճ է, բայց իրականում ջրամբար է, որին հնարավոր է մոտենալ ամռանը, բայց ձմռանը հալոցքի պատճառով ջուրը բարձրանում է, և զբոսաշրջիկները կարողանում են գեղեցկությունը վայելել միայն հեռվից:
Հրեշտակների ձոր
Գեղեցկությամբ և գրավչությամբ աչքի է ընկնում նաև Արարատի մարզի Դաշտաքար գյուղի հարևանությամբ Հրեշտակների ձորը: Հատկապես լուսանկարվելու երկրպագուները հաճույքով են այցելում ձոր և անմահացնում իրենց տպավորությունն ու տրամադրությունը: Ձորի տարածքում շատ են ժայռապատ փոքրիկ կիրճերը: Ձորը մարդկանց գրավում է նաև բուժիչ հանքային ջրով:
Այնտեղ կարելի է հասնել մեքենայով, սակայն մեկ կիլոմետրն անհրաժեշտ է հաղթահարել ոտքով:
Տոլորսի ջրամբար
Տոլորսի ջրամբարը Սյունիքի մարզում է՝ Սիսիան և Այրի գետերի միացման տեղում՝ Սիսիան քաղաքից 3 կմ հարավ՝ մոտ 1650 մետր բարձրության վրա։ Այն արհեստական ջրամբար է, որն ստեղծվել է երկու գյուղերի տեղում: Տոլորսի ջրամբարում է Սբ Կարապետ եկեղեցին: Այն եզակի եկեղեցի է. տարվա մեծ մասը ջրի մեջ է։
Սուրբ Հովհաննես մատուռ
Վերջին շրջանում ժողորդականություն է վայելում Սուրբ Հովհաննես մատուռը, որը Լոռու մարզում է՝ Հարթագյուղից մեկ կիլոմետր արևելք: Մատուռը մերձակա լեռան կատարին է՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա: Ուխտավորները, որոնց ցանկություններն ու երազանքները կատարվել են, մատուռի շուրջ հարյուրավոր խաչքարեր են տեղադրել՝ ի նշան շնորհակալության:
Ազատի ջրամբար
Վերջին շրջանում զբոսաշրջիկների ուշադրությունն է գրավել Ազատի ջրամբարը, որն Արարատի մարզում է: Ջրամբարի մոտ Լանջազատ գյուղն է, որը շատերին հայտնի է Զովաշեն անունով: Տեղացիները մինչ օրս էլ Ազատի ջրամբարն անվանում են Զովաշենի լիճ:
Դեպի ջրամբար արշավները հաճախ սկսվում են Գառնի գյուղից: Ազատ գետի հոսանքն ի վար իջնում են մինչև Լանջազատ գյուղ: Արշավը հնարավոր է իրականացնել ձմռան ամիսներին, քանի Ազատի ջրամբարը սակավաջուր է և անհրաժեշտ է անցնել ջրամբարի միջով:
Մենձ Էր քարայր
Լոռվա մարզի 2020-ի հայտնություններից է Մենձ Էր քարայրը: Մենձ Էրը բնակեցված քարանձավ է եղել, որը հետագայում ծառայել է որպես թաքստոց, իսկ այժմ ներկայացվում է որպես թանգարան: Այնտեղ ներկայացված է տեղացիների շրջանում հայտնի «Մենձ Էր» կացարանը, որում իրական չափերի մանեկեններ կան, դարբնոց, ինչպես նաև փոքրիկ լճակ՝ էկզոտիկ ձկներով: Մանեկենների ու տիկնիկների միջոցով պատկերված է թել մանելու, ալյուր աղալու գործընթացը, հին լոռեցու կյանքն ու կենցաղը:
Անհրաժեշտ է ընդգծել, որ մեծ հետաքրքրություն կա նաև լեռնագնացության նկատմամբ: Հայաստանի ամենաբարձր գագաթը՝ Արագածը նվաճելուց բացի, արշավականները նախընտրում են Սյունիքի լեռները, Գեղամա լեռնաշղթան և միջին բարձրության սարերը:
Ներկայացրեց Անժելա Համբարձումյանը