Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հայկական կողմի դիրքորոշումը

Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ 
ճանապարհով լուծելու հայկական կողմի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Առանձնազրույցում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը, այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես, մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդմանը միտված համատեղ միջոցառումներն ու գործողությունները:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համաձայնագի «Ճանապարհային քարտեզի» շրջանակում ակտիվ փոխգործակցությունը, ինչը կնպաստի ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության, ինչպես նաև հանրային կառավարման, այդ թվում` արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը:

Շառլ Միշելը ողջունել է վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում մեկնարկած բարեփոխումներն ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը: Այս առումով, Եվրոպական խորհրդի նախագահը կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Նա շեշտել է ԵՄ պատրաստակամությունը` էլ ավելի խորացնելու և ընդլայնելու գործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունների կյանքի կոչման գործում:

Վարչապետի պաշտոնակատարը մանրամասներ է ներկայացրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների` ելման դիրքեր դուրս գալու անհրաժեշտությունը և տեղեկատվություն ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող դիվանագիտական ու բանակցային գործողությունների, ինչպես նաև իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված իր կողմից մայիսի 27-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ներկայացված առաջարկի վերաբերյալ:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ գործողություններին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի իրականացումը և ողջունել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։

Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունն օժանդակելու այդ գործընթացին:

Զրուցակիցները առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]