Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, ուժերի և տաղանդների վրա. Լաքոտը հուզիչ տողերով է շնորհավորել Առաջին Հանրապետության օրը

Մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, ուժերի և տաղանդների 
վրա. Լաքոտը հուզիչ տողերով է շնորհավորել Առաջին Հանրապետության օրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը հուզիչ տողերով է շնորհավորել Հայաստանին ու հայ ժողովրդին Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձի առթիվ։ 

«Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ; մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ; մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա; մաղթում եմ հայերին հպարտ լինել` այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար։

Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Լաքոտը։ 

1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ:

103 տարի առաջ այս օրը Երևանից ոչ հեռու, ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը կռիվ տվեց թշնամու դեմ` հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի պահպանության, հանուն ազգի հարատևման: Սարդարապատի ճակատամարտը որոշիչ էր հայ ժողովրդի համար և ճակատագրական՝ Հայաստանի համար: Հայրենիքի պաշտպանության համար ոտքի էր կանգնել ամբողջ ժողովուրդը: Զինվորների հետ միասին կռվի դաշտում էին ամբողջ ընտանիքներ՝ ծերեր, երեխաներ, կանայք: 

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am