Հասարակական

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի գնահատմամբ՝ պատվաստումների ընթացքը դեռ գոհացուցիչ չէ

2 րոպեի ընթերցում

Առողջապահության  նախարարի պաշտոնակատարի գնահատմամբ՝ պատվաստումների ընթացքը դեռ գոհացուցիչ չէ

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով մայիսի 19-ին Շիրակի մարզում էր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարզային այցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարն այցելել է Արթիկի և Ախուրյանի բժշկական կենտրոններ, Գյումրու թիվ 2 և «Բեռլին» պոլիկլինիկաներ, ծանոթացել բուժհաստատությունների շենքային պայմաններին և հագեցվածությանը, ինչպես նաև իրականացվող պատվաստումային գործընթացին, հանդիպել բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ:

Այցի ավարտին, լրագրողերի հետ ունեցած ճեպազրույցում Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Շիրակի մարզը պատվաստումների բավական լավ ցուցանիշներ է արձանագրել. 1850 պատվաստում, որից 982՝ Sputnik V, իսկ՝ 868 AstraZeneca պատվաստանյութով:

«Բայց, ընդհանուր առմամբ, տեմպը մեր հանրապետությունում դեռ գոհացուցիչ չէ: Դեռ պետք է աշխատենք, որ հնարավորինս լայն շերտեր արագ պատվաստումներ անցնեն»,-նշեց նախարարի պաշտոնակատարը վստահեցնելով, որ քովիդի 3-րդ ալիքի նվազման փուլում ենք, սակայն դա քիչ է:

«Բարեբախտաբար, օրական գրանցված թվերը բավական նվազում են, բայց մենք չենք կարող ասել, որ հաղթահարել ենք համավարակը, կամ հաջորդիվ ալիքների ակնկալիքը չունենք»,-նշեց նախարարը՝ որպես իրավիճակը շտկելու հիմնական գործողություն նշելով պատվաստումային գործընթացը հնարավորինս արագ ու սահուն կազմակերպելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում