Հասարակական

Բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը

2 րոպեի ընթերցում

Բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով նախատեսվում է ջրօգտագործման թույլտվության հայտը մերժել միայն այն դեպքում, երբ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը:

«Փոքր հիդրոէլեկտրակայաններն իրենց շահագործման ընթացքում ջրային ռեսուրսների քանակական և ըստ էության որակական փոփոխություններ չեն առաջացնում և չեն սպառնում բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի կայունությանը: Միաժամանակ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիների պահպանման տարածքները ներկայումս նկարագրական ձևով են սահմանված և քարտեզագրական տվյալները հիմնականում բացակայում են, ինչը բարդացնում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար ջրօգտագործման թույլտվությունների հայտերի գնահատման գործընթացը և խոչընդոտում թույլտվությունների տրամադրման ժամանակ ճշգրիտ որոշումների կայացմանը»,-ասաց Սիմոնյանը:

Այսպիսով առաջարկվում է նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսել միայն այն դեպքում, երբ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում