Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դրոշմավճարի դրույքաչափի փոփոխության նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ հանձնաժողովի նիստում

Դրոշմավճարի դրույքաչափի փոփոխության նախագիծը դրական եզրակացություն 
ստացավ ԱԺ հանձնաժողովի նիստում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Օրենսդրական նախաձեռնության հեղինականերն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Արտակ Մանուկյանը: Նախագծով առաջարկվում է դրոշմանիշային դրույքաչափերի (նախկին 1000 դրամները- հեղ.) հետ կապված կատարել փոփոխություններ, որոնք բխում են ֆինանսական բեռի անհավասարաչափ բաշխվածությունից: Առաջարկվում է անհատ ձեռնարկատերերի վրա դրված ֆինանսական պարտավորությունների չափը էականորեն իջեցնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանձնաժողովի նիստին ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ քննարկումներից հետո նախագծում լրացումներ են կատարվել, և առաջարկում է քվեարկել լրացված տարբերակը:

«Լրացված տարբերակով առաջարկում ենք անհատ ձեռնարկատերերի համար տարեկան սահմանվող գումարի չափը (դրոշմանիշային դրույքաչափերը-հեղ.) փոխարինել հետևյալ սահմանաչափերով: Մինչև 1.2 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում տարեկան վճարը 18 հազար դրամ է: Մենք հիմա առաջարկում ենք 18 հազար դրամ վճարեն՝ մինչև 2 մլն 400 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում: Այսինքն՝ երկու անգամ բարձրացնում ենք սահմանը»,- ասաց Գևորգ Պապոյանը:  Դրանից բացի, եթե գործող կարգավորմամբ 2 մլն 400 հազարից մինչև 6 մլն դրամ հաշվարկային բազայի դեպքում նախատեսված է տարեկան 66 հազար դրամ, ապա առաջրկվող փոփոխությամբ նշվում է 24 հազար դրամ: 6 մլն-ից մինչեւ 12 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում գործող կարգավորումով վճարվում է 102 հազար դրամ, այժմ նախագծով առաջարկվում է սահմանել 48 հազար դրամ: Գործող օրենքում 12 մլն դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 հազար դրամ է, փոփոխությամբ առաջարկվում է 120 հազար դրամ:

«Ես ուզում եմ ընդգծել, որ այս փոփոխություններն ընդունելու դեպքում որևէ կերպ չի վտանգվի հիմնադրամի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ-հեղ.)  գործունեությունը, չի ազդի դրա վճարունակության, ֆինանսական կայունության վրա: Հիմնադրամը կատարել և կատարելու է իր առջև դրված բոլոր պարտավորություններն ամբողջ ծավալով»,- ասաց Գևորգ Պապոյանն՝ ընդգծելով, որ տնտեսության վերականգնման փուլում անհատ ձեռնարկատերերի վրա դրվող ֆինանսական բեռը թեթևացնելը շատ կարևոր է: Պատգամավորը նկատեց, որ այս փոփոխությունների հետ կապված՝ բավական շատ դրական արձագանքներ են ստացել:

Պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո միկրոբիզնեսի հնարավորություններն ընդլայնվեցին: Վիճակագրական տվյալների համաձայն շուրջ 35 հազար անհատ ձեռնարկատեր կա գրանցված:

«Մենք հիմա ուսումնասիրում ենք, և տնտեսության զարգացման լավատեսական սցենարներ կան: Բավական ստվերային շրջանառություն է կրճատվել, ինչը երևում է հարկային եկամուտների ավելացմամբ: Այս փուլում մեր առաջարկած փոփոխությունը իրենից ներկայացնում է բարելավող դրույթ»,- ասաց Արտակ Մանուկյանը:

Հարակից զեկուցող Հայկ Կոնջորյանն ընդգծեց, որ պատերազմից հետո զինծառայողների կյանքին ու առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման մասով հիմնադրամի գործառույթները բազմապատկվել են: Այս օրենքի փոփոխությունը նպատակ ունի ստեղծել ֆինանսական ծանրության համաչափ բաշխվածություն և թեթևացնել անհատ ձեռնարկատերերի բեռը:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ ավելացրեց, որ առաջարկվող փոփոխությունների հետ կապված՝ իրենք  սկզբունքային առարկություն չունեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]