1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի բնակչության 18-ից բարձր տարիքային խմբում 42 տոկոսն ունի բարձր զարկերակային ճնշում

Հայաստանի բնակչության 18-ից բարձր տարիքային խմբում 42 տոկոսն ունի բարձր 
զարկերակային ճնշում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 17-ից մեկնարկում է սքրինինգային ծրագիր՝ ուղղված զարկերակային գերճնշման դեմ պայքարին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանը նշեց, որ առաջիկա ամիսներին Երևանի, Հայաստանի այլ խոշոր քաղաքների հանրային վայրերում կլինեն խմբեր, որոնք ցանկացողների զարկերակային ճնշումը կչափեն, անձի առողջության վերաբերյալ հարցում կիրականացնեն:

«Զարկերակային բարձր ճնշման դեպքում աշխատակիցները կտան առողջ կենսակերպի մասին հուշաթերթիկ, կհորդորեն դիմել բժշկի: «Կանգնեցրեք լուռ մարդասպանին», «Պարզ չափում, որը կյանքեր է փրկում» և այլ կարգախոսներով ցուցանակներով այդ խմբերը կիրազեկեն քաղաքացիներին զարկերակային բարձր ճնշման խնդիրների, դրա հետևանքների հետ կապված»,-ասաց Պարունակ Զելվեյանն՝ ավելացնելով, որ այս գործում ակտիվ ներգրավվելու են նաև պոլիկլինիկաները:

Մասնագետը նկատեց, որ նման իրազեկման միջոցառումները, քաղաքացիների հետ աշխատելը շատ կարևոր է, և փորձ է արվում հասարակության ուշադրությունը հրավիրել զարկերակային բարձր ճնշման պարագայում ի հայտ եկող խնդիրների վրա:

«Զարկերակային գերճնշումը լրջագույն ռիսկի գործոն է, որով պայմանավորված են սրտանոթային ընդհանուր մահացությունները: Եթե մենք ճիշտ ժամանակին կանխարգելենք, ապա մենք կկարողանանք ունենալ սրտանոթային պատահարների, բարդությունների նվազեցում»,-ասաց Պարունակ Զելվեյանը:

Անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում ընդհանուր մահացության կառուցվածքում սրտանոթային մահերը 50 տոկոսից ավելին են: Հայաստանում հարցմանը մասնակցած չափահաս բնակչության 18-ից բարձր տարիքային խմբի 42 տոկոսն ունի բարձր զարկերակային ճնշում: Սա խոսում է այն մասին, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդի մոտ կա զարկերակային բարձր ճնշման ռիսկ: Նրանց 72 տոկոսը գիտի, որ ունի զարկերակային բարձր ճնշում:

«Մեզ համար կարևոր է, որ այդ 42 տոկոսի մոտ վերահսկվի զարկերակային գերճնշումը: Մենք աշխատելու տեղ ունենք, միայն հայտնաբերելը դեղամիջոց ստանալը դեռ չի նշանակում, որ բուժեցինք: Մենք պետք է մեր պացիենտների ճնշումն իջեցնենք 140/90 թիրախային թվերի»,-ասաց Պարունակ Զելվեյանը: Մասնագետը կանխարգելիչ միջոցառումների շրջանակում հասարակության ուշադրությունն է հրավիրում ռիսկի գործոնների վրա՝ քաշի ավելցուկ, ճարպակալում, շաքարային խանգարումներ, ֆիզիկական թերակտիվություն, աղի չարաշահում և այլն: Պարունակ Զելվեյանի խոսքով, պետք է ամրապնդվի սեփական առողջությանն ուշադրություն դարձնելու մշակույթը:

«Գանգատի դեպքում անպայման պետք է դիմել բժշկին: Այդ գանգատը նշանակում է, որ օրգանիզմն արդեն ահազանգում է, անձին ակնարկում է, որ ինչ-որ բան այն չէ: Իմ գլխավոր հորդորը հետևյալն է, մեր օրգանիզմն ավելի շատ սիրենք, քան ավտոմեքենան: Ավտոմեքենայից մի փոքր աղմուկ գալու պարագայում միանգամից մասնագետի մոտ ենք տանում, առողջության դեպում, երբ կա գանգատ, ասում ենք, լավ կանցնի»,-հավելեց Պարունակ Զելվեյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]